Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան եթերումանդրադառնալով Վեդիում տեղի ունեցած հանրային քննարկմանը, գրել է, որ նպատակն էր՝ «ցեմենտի գործարանի շահերը ապահովելը քաղաքացիների առողջության հաշվին»։
Նա նշել է, որ իր, Հովսեփ Ղազարյանի և այլ քաղաքացիների դռնբաց նիստին մասնակցությունը կոպիտ, անօրինական և կանխամտածված կերպով խոչընդոտվել է, գրում է Panorama.am-ը;
«Մեզ խոսքի իրավունքից զրկելու համար օգտագործվել է բացարձակ սուտ պատճառաբանություն՝ իբր իմ դիմումը ստորագրված չի եղել։ Սա պաշտոնական կեղծիք է, քանի որ դիմումս եղել է պատշաճ էլեկտրոնային ստորագրված, ինչն ապացուցվում է «ԷԿԵՆԳ» ՓԲԸ պաշտոնական գրությամբ։
Այսինքն՝ Վեդու համայնքապետարանը քաղաքացիներին խաբելով և իր անօրինականությունը ծածկադմփոց անելու նպատակով պաշտոնական գրությամբ տրամադրել է իրականությանը չհամապատասխանող, ոչ իրավական մերժում։
Բայց սա դեռ ամենը չէ։ Դահլիճը «լցնելու» համար օգտագործվել է վարչական ռեսուրս. մանկապարտեզների, դպրոցների և համայնքային հիմնարկների տնօրենները զբաղեցրել են դահլիճի տեղերը, որպեսզի քաղաքացիները ներս չմտնեն։ Արդյունքում մարդկանց ասում էին՝ «տեղ չկա», մինչդեռ տեսանյութերում բոլորը տեսել են, որ դահլիճը լիքն էր ազատ աթոռներով։
Այս ապօրինության միակ նպատակը եղել է մեկը՝ խուսափել չարաբաստիկ որոշման հանրային հնչեղությունից, որպեսզի առանց աղմուկ անցկացնեն Կարմիր սարի ավիրումը թույլատրող որոշումը։
Հիմա ավելի մանրամասն․ քվեարկության էր դրված «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ին Կարմիր sարի օգտակար հանածոների արդյունահանման համաձայնություն տալը, փաստացի Կարմիր Սարը ցեմենտի գործարանի համար քանդելու թույլտվությունը, նիստի ժամանակ տրվեց։ Եվ քանի որ իշխանությունը չէր ուզում, որ նիստում հնչեն փաստեր, հարցեր ու հիմնավորումներ, գործի էին դրվել վեր նշված բոլոր ապօրինի գործողությունները։
Այսինքն՝ ամբողջ ապօրինությունն իրականացվել է մեկ նպատակով՝ ապահովել, որ տվյալ ընկերությունը ստանա ցանկալի որոշումը։
Ահա սա է այն «ժողովրդավարությունը», որը ներկայացնում է ՔՊ-ն՝ երբ իրենց բիզնես շահերի համար, քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելով սպասարկում են սեփական բիզնես շահերը»,-ասվում է գրառման մեջ։
Վեդու համայնքապետարանի ավագանու նիստում ավագանին՝ Գարիկ Սարգսյանի նախագահությամբ միաձայն կողմէ քվեարկել «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին։
Կարմիր սարը գտնվում է Արարատյան դաշտի ամենագյուղատնտեսական գոտում: Այն նաև կենսաբազմազանության եզակի գանձարան է` հանդիսանում է կարմիրգրքային 14 տեսակ բույսերի աճելավայր և 16 տեսակ կենդանիների ապրելավայրը:






