AM
21 Նոյեմբեր 2025 - 12:08 AMT

ՀՀ նախագահ. Խաղաղություն կլինի, երբ երկու երկրների ու ժողովուրդների միջև փոխադարձ վստահությունը վերականգնվի

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցն ավարտելով Հայաստան է վերադարձել ցամաքային ճանապարհով: Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում լրագրողների հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե որ հանգրվանին պետք է հասնեն Հայաստանը և Ադրբեջանը, որպեսզի խաղաղության գործընթացն անշրջելի դառնա։

«Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ երկու երկրների ու ժողովուրդների միջև փոխադարձ վստահությունը վերականգնվի․ դա ժամանակի հարց է։ Մենք՝ որպես քաղաքական պատասխանատուներ, պետք է իսկապես ապահովենք քաղաքական գործընթացն ու իրավական ձևակերպումները, որպեսզի այսպիսի իրավիճակ ունենանք»,-ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ երկկողմ իրավական գործընթացն արդեն ձևավորված է, քանի որ երկու երկրներն արդեն ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, և այդ գործընթացի վերջնական ավարտը կլինի այն ժամանակ, երբ երկու երկրների քաղաքացիները, ժողովուրդները կարողանան իրենց մեջ հաղթահարել այն բարդությունները, որոնք կան։

«Որևէ մեկը չի կարող ասել, թե դա երբ կլինի․ ես, իհարկե, կուզեմ, որ դա շատ արագ լինի, բայց այդտեղ պետք է ուղղակի երկու երկրների իշխանությունները նպաստավոր պայմաններ ստեղծեն, հնարավորինս շատ շփումների առիթներ ստեղծեն և չվախենան նրանից, որ մի երկրում կարող են որոշ դժգոհողներ լինել։ Ես, ընդունում եմ, որ դրա իրականություն դառնալու մեծ հնարավորությունը կա»,-ասել է նա։

Խաչատուրյանի գնահատմամբ՝ համաշխարհային մակարդակով բոլոր պետությունները բախվում են նույն մարտահրավերներին, և դրանց հաղթահարման համար անհրաժեշտ է կոլեկտիվ ջանք։

«Դա կարող է վերաբերել կլիմային, խաղաղությանը, աշխարհում տեղի ունեցող տեխնոլոգիական փոփոխություններին, արհեստական բանականությանը և այլն, այդ ամենը կոլեկտիվ աշխատանք է պահանջում։ Սա բոլորն են ընդունում, և այդտեղ մեկուսանալ հնարավոր չէ, իսկ հարևանների հետ աշխատանքներ կատարելն այդ առումով շատ ավելի հեշտ պետք է լինի և շատ ավելի արդյունավետ կարող է լինել»,–ասել է նախագահը։

Խաչատուրյանը պաշտոնական այցով Վրաստանում էր նոյեմբերի 19-ից 20-ը։ Նա Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի, խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Վրաստան կատարած պաշտոնական այցից վերադառնալիս՝ նախագահ Խաչատուրյանը կանգառ է կատարել Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում, ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, շփումներ ունեցել տեղի բնակիչների հետ։