AM
21 Նոյեմբեր 2025 - 12:57 AMT

Սպարտակ Ղուկասյանը կալանավորվել է

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Տաթևիկ Մուրադյանի, բավարարել է նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Այդ մասին տեղեկացրել են Քննչական կոմիտեից, հայտնում է «Փաստինֆոն»։

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել էր նոյեմբերի 20–ին՝ Գյումրու քննչական բաժնի շենքի մոտից։ Նա հրավիրված էր հարցաքննության՝ քրեական վարույթի շրջանակում։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որոնք վերաբերում են մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությանը։

Վարույթը առնչվում է Սպարտակ Ղուկասյանի կողմից դատական նիստից հետո արված մի հայտարարությանը, որն ըստ ՔԿ-ի՝ պարունակել է հայհոյանք և դարձել է վարույթի հիմքը։