AM
21 Նոյեմբեր 2025 - 13:57 AMT

Փաշինյանը Տոկաևին պետական այցով հրավիրել է Հայաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին պետական այցով հրավիրել է Հայաստան։Նա այդ մասին ասել է Ղազախստանի նախագահի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ժամանակ, հայտնում է Արմենպրեսը։

«Ինձ համար մեծ պատիվ է նաև Ղազախստանի նախագահին՝ հարգելի Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, հրավիրել պետական այցով Հայաստանի Հանրապետություն։ Մեզ համար մեծ պատիվ կլինի Ձեզ պետական այցով ընդունել Հայաստանի Հանրապետությունում։

Ես համոզված եմ, երբ այդ այցը տեղի ունենա, մենք կկարողանանք արձանագրել, որ ընթացիկ այցի արդյունքներով արդեն իսկ մեր հարաբերությունները հասել են նոր կետի և նոր օրակարգ ձևակերպելու, այդ օրակարգը ակտիվորեն իրականացնելու հնարավորություն և աշխատանքի տարածք կունենանք»,– նշել է Փաշինյանը։

Վարչապետը նաև հավելել է, որ Տոկաևին հրավիրել է մասնակցելու 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին, որը կանցկացվի աշնանը։

Վարչապետը հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: