44–օրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյանը նոյեմբերի 24–ից նստացույց կսկսի արդարադատության նախարարության շենքի մոտ՝ պահանջելով կալանքից ազատել «Սրբազան պայքարի» գործով միակ կին մեղադրյալ Լիդիա Մանթաշյանին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է Լիդյա Մանթաշյանին կալանքի տակ պահելևս 3 ամիս, թեև նույն գործով անցնող 10 տաղամարդ ազատ է արձակվել։
Պատերազմի մասնակիցը գրել է, որ նոյեմբերի 24–ին նախարարության շենքի մոտ կսպասի բոլոր նրանց, ովքեր «չեն վախենում աջակցել արդարությանը, լինել նրա կողքին»:
«․․․Երբ մեր պետությունում բանտարկված կինը ոչ թե հանցագործ է, այլ՝ քաղաքական համոզմունքների համար հետապնդվող քաղաքացի, դա արդեն ոչ միայն անարդարություն է, այլև ազգային ամոթ։
Սպասում եմ բոլոր նրանց, ովքեր դեռ հավատում են արդարությանը, ովքեր չեն վախենում կանգնել ճնշվածի կողքին, ովքեր հասկանում են, որ այսօր Լիդիան է բանտում, իսկ վաղը կարող է լինել ցանկացածը մեզնից։ Լիդիայի ազատությունն այսօր մեր երկրի արժանապատվության չափումն է»,– գրել է նա։
Պետրոսյանը պատերազմի այն մասնակիցներից է, ովքեր հոկտեմբերին կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի ընթացքում հանձնել են իրենց պետական պարգևները՝ որպես բողոք այն քաղաքականության դեմ, որն, իրենց խոսքով, արժեզրկել է իրենց պայքարը։
Դատարանի նիստի ընթացքում, որոշման հրապարակումից առաջ, Մանթաշյանն անդրադարձել է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքին՝ պնդելով, որ ինքը պարզապես համակարգել է Բագրատ սրբազանի «Սրբազան պայքար» շարժման տեղեկատվական աշխատանքը։
«Էնպիսի տպավորություն ա, որ էս ամբողջ քրեական գործը, բոլորս էլ գիտենք, դե իհարկե, որ սա շինծու գործ ա, բայց էս քրեական գործի մեջ ամենավտանգավոր անձը ես եմ. Սարգսյան Արթուրինը բաց ա կալանքները, Բագրատ սրբազանինը բաց ա, ես շատ վտանգավոր անձ եմ՝ իմը մինչև հիմա բացած չի», – ընդգծել է գործով միակ կին մեղադրյալը:






