Դատախազությունը հայցադիմում է ներկայացել ընդդեմ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և այլ անձանց։ Այս մասին ասվում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Հայցադիմումը դատարան է ներկայացվել պետական շահերի պաշտպանության շրջանակներում։ Գործը մակագրվել է դատավոր Լիլի Դրմեյանին, հայտնում է Factor.am-ը։
Դատախազությունից գրավոր հարցմանն ի պատասխան որոշ մանրամասներ են հայտնել ներկայացված հայցադիմումի վերաբերյալ։
Մասնավորապես՝ ըստ ներկայացված հայցադիմումի՝ «Սեյրան Օհանյանը, խախտելով ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 07-ի N 384-Ն որոշման 4-րդ կետի պահանջները, սեփականաշնորհումը թույլատրելու վերաբերյալ հանձնարարություն է տվել ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովին, որպիսի լիազորությամբ վերջինս օժտված չի եղել, իսկ Հանձնաժողովը, խախտելով նույն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, մասնավորապես բնակարանը սեփականության իրավունքով տրամադրելու համար զինվորական ծառայության բավարար ստաժի բացակայության պայմաններում, ենթարկվելով վերադասի ոչ օրինաչափ հանձնարարությանը, որոշել է թույլատրել ք.Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող անշարժ գույքի անհատույց սեփականության իրավունքի տրամադրումը»,- հայտնել են դատախազությունից։
Պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակներում Դատախազությունը Սեյրան Օհանյանից և հանձանաժողովի անդամներից համապարտությամբ պահանջում է 8.5 մլն ՀՀ դրամ:






