Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասել է, որ ԱՄՆ–ն ունի անհրաժեշտ լծակներ, որ հարկադրի Բաքվին վերադարձնել հայ գերիներին։
«Ամերիկյան կողմին դիմելն այս աշխարահաքաղաքական իրողության մեջ համարում եմ ճիշտ քայլ: Կարծում եմ՝ ամերիկյան կողմն ունի անհրաժեշտ լծակներն ու խթանիչները, որ համոզի ու հարկադրի Ադրբեջանի իշխանություններին վերադարձնել հայ գերիներին»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ն կրում է առանցքային ու հատուկ պատասխանատվություն գերիների վերադարձի հարցում, քանի որ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը հատուկ պայմանագրային դրույթ չի նախատեսել վերադարձի վերաբերյալ։
«Գերիների վերադարձը մարդասիրական խնդիր է, ցանկացած իրական ու երկարատև խաղաղություն հնարավոր է միայն մարդասիրական հարցերի լուծման, հասարակությունների միջև վստահության ամրապնդման և արդարության ճանապարհով: Եթե այս սկզբունքները չեն պահպանվում, ապա խաղաղությունն իրատեսական ու մնայուն չէ: Այստեղ կարևորը հենց քաղաքակամ կամքի առկայությունն է։ Եթե այդ կամքը ձևավորվի ու ամերիկյան կառավարությունն այս հարցի վրա ցանկանա ռեսուրսներ ծախսել՝ այն համարելով կարևոր խնդիր, վստահ եմ՝ կարճ ժամկետներում խնդիրն իր հանգուցալուծումը կստանա»,–ասել է նա։
Սահակյանը հիշեցրել է՝ 2022 թվականին Ջերմուկում Հայաստանի սուվերեն տարածքից գերեվարված 33 հայերի վերադարձի գործընթացում ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված աջակցությունը խոսում է այդ պետության հնարավորությունների մասին, քանի որ խնդիրը լուծվել է ընդամենը երկու շաբաթում։
«Դրական բնութագրիչ է այն, որ ամերիկյան կողմը հրապարակային է խոսում իր հանձնառության վերաբերյալ։ Եթե հարցի լուծման բանալին հստակ չլիներ ամերիկյան կառավարության համար, հրապարակային չէին խոսի գերիների վերադարձի հարցում իրենց ներգրավվածության մասին: Եթե արդեն իսկ հրապարակային խոսվում է, դրական նշան է ու, իմ կանախատեսումներով, կարող ենք ունենալ տեղաշարժ»,–ասել է նա։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։
Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվա ազատազրկում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գերիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։






