AM
22 Նոյեմբեր 2025 - 07:50 AMT

ՔԿ․ ՀԷՑ–ի տեսուչը ձերբակալվել է խոշոր չափերով խարդախության համար

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասնաճյուղի տեսուչ Գ.Խ.-ն ձերբակալվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով։

Նշվում է, որ տեսուչը 2024 թվականի հունիսի 6-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, աշխատելով ընկերության մասնաճյուղերից մեկում, իրականացնում է վերահսկողություն իր սպասարկման տարածքում գտնվող մի բնակավայրի որոշ փողոցների լուսավորության էլեկտրաէներգիայի սպառման նկատմամբ։

Նշվում է, որ այդ ընթացքում Գ.Խ.-ն փոխել է հաշվառման սարքի արձանագրած իրական ցուցմունքները և համայնքապետարանին ներկայացրել է էլեկտրաէներգիայի ավելացված ծախս՝ իրականությանը չհամապատասխանող տվյալներով։

Արդյունքում, ըստ նախնական գնահատման, համայնքին պատճառվել է խոշոր չափերի հասնող գույքային վնաս՝ ընդհանուր 1 միլիոն 102 հազար 288 դրամի չափով։

Գ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը վերաբերում է խոշոր չափերով խարդախությանը։

Քրեական վարույթի շրջանակում նախաքննությունը շարունակվում է՝ պարզելու կատարված հանցագործության բոլոր հանգամանքները։