AM
22 Նոյեմբեր 2025 - 10:00 AMT

Ճամբարակ-Թթուջուր հատվածում մոտ 80 հա խոտածածկ տարածք է այրվում․ Ըստ ՆԳՆ–ի՝ կրակը վերահսկելի է

Լայնամասշտաբ հրդեհներ են Ճամբարակի տարածաշրջանում։ Հրդեհը տարածվել է Թթուջուր գյուղի հարակից դաշտերում ու լեռներում` հասնելով մինչև Տավուշի մարզի սահմանային գոտի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը և կից տեսանյութ հրապարակել, հայտնում է Factor.am-ը։

Ըստ ՆԳՆ–ի տարածած հաղորդագրության՝ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են ամբողջ գիշերվա ընթացքում․ աշխատանքները շարունակվում են, կրակը վերահսկելի է։

Նոյեմբերի 21-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։

Կազմակերպվել է համապատասխան արձագանքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից, ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։

Նախնական տվյալներով 3 օջախով այրվում է խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։

Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 243 փրկարարական ծառայող՝ 6 հրշեջ տեխնիկա և 31 օպերատիվ խումբ։

«Դեպքի մասին մամուլում շրջանառվում են տարբեր ոչ հավաստի տեղեկություններ։ Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։