AM
22 Նոյեմբեր 2025 - 11:23 AMT

Սաղաթելյանը՝ հայ փորձագետների Բաքու այցի մասին․ Դա Ալիևի արյունոտ ձեռքերը լվանալու փորձ է

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով Հայաստանից քաղհասարակության 5 ներկայացուցչի Բաքու կատարած այցին, գրել է, որ նրանք արդեն հայտարարել են, որ ծրագրում գերիներին այցելելու օրակարգ չկա։

Ըստ նրա՝ իրականում սա ոչ թե երկու ժողովուրդների միջև վստահության ձևավորմանն ուղղված քայլ է, «այլ Ալիևի արյունոտ ձեռքերը լվանալու, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը և ցեղասպանությունը լեգիտիմացնելու փորձ»։

«Հայաստանից «քաղհասարակության» հինգ ներկայացուցիչ մեկնել է Բաքու։ Կառավարությունը «հայկական» պատվիրակության փոխադրումը ուղիղ չվերթով կազմակերպելու համար հատկացրել է 17.5 միլիոն դրամ, իսկ այցի նպատակը հիմնավորել են իբրև երկու պետությունների հասարակությունների միջև վստահության ձևավորում։

Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների գործերով շինծու դատավարությունը, և մի քանի օր առաջ Ադրբեջանի դատախազությունը դատարանից պահանջել է Արայիկ Հարությունյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Բաբայանին ցմահ ազատազրկում, իսկ մեր մյուս հայրենակիցներին՝ 16-20 տարի։

Մինչդեռ Բաքվում գտնվող քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ ծրագրում գերիներին այցելելու օրակարգ չկա։

Իրականում սա ոչ թե երկու ժողովուրդների միջև վստահության ձևավորմանն ուղղված քայլ է, այլ Ալիևի արյունոտ ձեռքերը լվանալու, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը և ցեղասպանությունը լեգիտիմացնելու փորձ։

Նվաստացման, ստորացման և անարդարության պայմաններում, վախի և սպառնալիքի տակ ոչ խաղաղություն են կառուցում ոչ էլ վստահություն ձևավորում։

Ալիևի և նրա հանցակից Փաշինյանի նշյալ բոլոր փորձերը ձախողված են։ Պետք է արձանագրել, որ ադրբեջանական կողմը ընդամենը բաց հանդիպում է ունեցել իր ազդեցության գործակալների հետ․ դրանք հայ ժողովրդի և Հայաստանի քաղհասարակության հետ ոչ մի կապ չունեն»,–գրել է նա։

Նոյեմբերի 20–ի նիստում կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթի հետ հաստատել էր նաև Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարթերային թռիչքի համար հատկացվող բյուջեն։ Նշվում էր, որ նոյեմբերի 21-22-ը 5 փորձագետ կմեկնի Բաքու՝ մասնակցելու կլոր սեղան-քննարկմանը։ Այս նպատակով կառավարությունը մոտ 18 մլն դրամ է հատկացրել։ Ըստ որոշման հիմնավորման՝ կլոր սեղան քննարկմանը մասնակցելու միջոցով կակտիվանան հայ և ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչների շփումները և կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ:

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան ուղեկցվել էր քննադատություններով, քանի որ պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև Դիլարա Էֆենդիևան, որը նախկինում մասնակցել էր Արցախի շրջափակմանը՝ որպես «էկոակտիվիստ»։