AM
24 Նոյեմբեր 2025 - 06:56 AMT

Ռուսաց լեզվի ուսուցիչները պահանջում են թեստերի վերանայում և արդար գնահատում

Ռուսաց լեզվի 200–ից ավելի ուսուցիչ բաց նամակով դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ բարձրաձայնելով ռուսաց լեզվի կամավոր ատեստավորման ընթացքում արձանագրված խախտումների մասին։ Նրանք պահանջում են անմիջական արձագանք, թեստերի վերանայում՝ համապատասխանեն հրապարակված չափանիշներին, և արդար գնահատում, հայտնում է Panorama.am-ը։

Նրանք նշել են, որ արձանագրվել են թեստերի խախտումներ, անարդար գնահատում և կասկածելի մոտեցումներ, որոնք չեն համապատասխանում հրապարակված չափանիշներին։ Ըստ նամակի հեղինակների՝ խնդիրը միայն տեխնիկական թերություն չէ. այն կարող է դիտվել որպես սահմանափակող, նույնիսկ համակարգային ազդեցություն՝ կոռուպցիոն ռիսկեր ստեղծելու կամ կրթական ենթակառուցվածքը քայքայելու համար։

«Ռուսաց լեզվի կամավոր ատեստավորման թեստի կազմակերպման և բովանդակային խնդիրների վերաբերյալ սույն դիմումով հայտնում եմ, որ մասնակցել եմ ռուսաց լեզվի կամավոր ատեստավորմանը, սակայն քննության կազմակերպումն ու բովանդակությունն էականորեն չեն համապատասխանել նախապես հրապարակված ուղեցույցին և սահմանված չափորոշիչներին։

Մասնավորապես՝

  • Տեսական բաժնի կառուցվածքի խախտում. ուղեցույցում նշված էր, որ թեստը պետք է ներառի տասը տեսական հարցեր։ Փաստացի այդ բաժինը լիովին բացակայել է, և դրա փոխարեն ավելացվել են շարահյուսական առաջադրանքներ, ինչը չի համընկնում ուղեցույցի պահանջներին։
  • Հարցերի ընդհանուր քանակի անհամապատասխանություն.

թեստը հայտարարված էր որպես 40 հարցից բաղկացած քննություն, սակայն իրականում ներկայացված էր միայն 38 հարց։ Այս տարբերությունը խախտում է թեստի ամբողջականությունն ու կառուցվածքային ամբողջականությունը։ Չկար տարբերակների դիմաց համարակալման համակարգ, ինչն առաջացնում է դժվարություններ ատեստավորման գործընթացում։

Պատասխանների ձևաչափի սխալ ներկայացում(9 տարբերակներից3 ճիշտ) Թեստում առաջարկվում էին 9 պատասխանների տարբերակներ, սակայն չէր նշված, որ դրանցից միայն երեքն են ճիշտ։ Հրահանգի բացակայության պատճառով մասնակիցները ստիպված են եղել գուշակել ձևաչափը՝ ենթադրելով, որ ճիշտ պատասխանների թիվը երեքն է։ Ավելին՝ այս ձևաչափը նախատեսված էր այն տեսական հարցերի համար, որոնք չէին ներառվել թեստում, ինչի հետևանքով առաջացել է մեթոդական հակասություն։

  • Բովանդակության անհամաչափ բաշխումն ըստ բաժինների

Թեստում առկա էր ակնհայտ անհամաչափություն.

  • Շարահյուսության բաժինը ներկայացված էր չափազանց մեծ ծավալով։
  • Իսկ այնպիսի կարևոր բաժինները, ինչպիսիք են` բառապաշարը, ուղղագրությունը, բառագիտությունը, ձևաբանությունը, ընդգրկված էին ընդամենը մեկական հարցով։ Այս բաշխումը չի համապատասխանում հայտարարված չափորոշիչներին և չի ապահովում գիտելիքների հավասարաչափ ստուգում։ Այս տարի ատեստացիան զգալիորեն դժվարացվել է, ինչը բացասական ազդեցություն է թողել ատեստավորվողների արդյունքների վրա։ Հայաստնի հանրապետությունում այն արդեն դասակարգվում է օտար լեզուների շարքում, սակայն քննության ընթացքում նկատվեց թեստի մակարդակի բարդացում։
  • Պահանջ՝ ճիշտ նշված բոլոր տարբերակների համար միավորներ նախատեսելու մասին:

Քանի որ սխալ հրահանգը և թեստի կառուցվածքային թերացումներն եղել են կազմակերպիչ մարմնի անփութության հետևանք, խնդրում եմ վերանայել գնահատականները և միավոր տալ բոլոր այն պատասխաններին, որոնք ճիշտ են նշված մասնակիցների կողմից, անկախ նրանից՝ քանի ընտրություն է արվել։ Թեստի ներկա կառուցվածքը և սխալ հրահանգները չպետք է բացասաբար ազդեն մասնակիցների արդյունքների վրա։

Հաշվի առնելով վերը նշված բոլոր անհամապատասխանությունները՝ խնդրում ենք.

  1. Տալ պաշտոնական պարզաբանումներ կայացված խնդիրների վերաբերյալ։
  2. Վերանայել գնահատման համակարգը և ապահովել արդար գնահատում, ներառյալ` ճիշտ նշված բոլոր պատասխանների հաշվարկը։
  3. Վերանայել թեստի կառուցվածքը և այն համապատասխանեցնել հրապարակված ուղեցույցին։
  4. Ավելացնել բոլոր մասնակիցների 9 տարբերակով հարցի պատասխանների միավորները, ավելացնել` ըստ նշված քանակի։

Օտար լեզուների միջին արդյունքները ցույց են տալիս, որ ռուսաց լեզվի ատեստացիայի միջին գնահատականներն ընկած են, ինչը վկայում է ոչ միայն դժվարացման, այլ նաև` թեստի և ուղեցույցի անհամապատասխանության մասին։ Այս իրավիճակը կարծես նկատում է որոշակի միտում, խտրականություն ռուսաց լեզվի և այլ օտար լեզվի ուսուցիչների նկատմամբ՝ պայմանավորված գնահատման մոտեցումներով»,–ասվում է նամակում։