AM
24 Նոյեմբեր 2025 - 07:43 AMT

Ավինյանը հորդորում է բակերում տերևներ չայրել՝ նոյեմբերից Երևանում օդի որակը վատթարանում է

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ նախորդ գիշեր մայրաքաղաքում արձանագրվել է օդի որակի զգալի վատթարացում, ինչի պատճառ են դարձել Հայաստանի մի շարք վայրերում տեղի ունեցած խոշոր հրդեհները։ Այդ մասին նա խոսել է գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։

Քաղաքապետն ընդգծել է, որ նման հրդեհներից արտանետված տոքսինները վտանգավորությամբ զգալիորեն գերազանցում են շինարարական փոշին, որի դեմ ներկայումս ակտիվ պայքար է տարվում, հայտնում է 1lurer.am-ը։

«Ենթադրում եմ, որ շատերդ նաև տեսել եք ձեր կամ կողքի բակերում ինչ-որ մեկին, որը հավաքում է տերևներն ու վառում։ Սիրելի՛ երևանցիներ, տերևների և աղբի այդ փոքրիկ «գործարանները» ուղղակի թունավորում են ձեզ, շրջակա միջավայրն ու երեխաներին։ Սա նորմալ չէ:

Եվ պետք է հասկանանք թունավորման աստիճանը: Երբ անընդհատ խոսում ենք շինարարական փոշուց, դա 3-5 անգամ ավելի նվազ վտանգավորություն ունի:

Ձմռան ամիսներին օդի շարժը դանդաղ է, այսինքն՝ եթե մի տեղ դա այրվեց, ժամերով էդ տոքսինները մնում են օդում»,- ասել է քաղաքապետը։

Ավինյանը նշել է, որ անհրաժեշտ է ձևավորել համապատասխան գործիքակազմ ու մշակել մեխանիզմներ՝ խնդրի կարգավորման համար։ Նրա խոսքով՝ պետք է ձեռնամուխ լինել դրա դեմ պայքարին, քանի որ ամեն տարվա նոյեմբերին Երևանում նկատվել է օդի վիճակի վատթարացում։