«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հայ փորձագետների այցերը Բաքու շարունակական կլինեն, նաև ադրբեջանցի փորձագետների, քաղհասարակության ներկայացուցիչների այցերը Հայաստան կլինեն շարունակական։ Այդ մասին ասուլիսում ասել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խմբի անդամ Արեգ Քոչինյանը, ով ևս 4 հոգու հետ նոյեմբերի 21-22-ին Բաքու էր այցելել։ Այցի շրջանակում հայաստանյան ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։
«Հիքմեթ Հաջիևը խնդրել է հայ հասարակությանը փոխանցել, որ պատերազմն ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա։ Հայ-ադրբեջանական կոնֆլիկտն իրենց համար ավարտված է։ Իրենք ուզում են, որ այս չպատերազմի վիճակից կառուցեն խաղաղություն և գնան դեպի խաղաղություն։ Իրենց համար չափազանց կարևոր է այս մեսիջը մեր միջոցով, ինչպես իրենք նշեցին, փոխանցել Հայաստանի հասարակությանը, որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ համապարփակ և երկարաժամկետ խաղաղություն կառուցել ու պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ։ Նաև չափազանց կարևոր է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի»,- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Քոչինյանն ընդգծել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, համապատասխան իշխանությունները ներգրավված են եղել այցերի կազմակերպման և անվտանգությունն ապահովելու հարցում։
«Մենք մեր ադրբեջանցի գործընկերներից հարցրել ենք, թե ինչպես էին իրենք իրենց զգում Երևանում։ Պատախանել են՝ բավականին անվտանգ։ Նույնը կարող եմ ասել մեր մասով անվտանգության վերաբերյալ»,–ասել է նա։
Այցի մասնակից Նաիրա Սուլթանյանը հավելել է, որ իրենք քննարկման ընթացքում Հաջիևի առջև հստակ բարձրացրել են նաև հայ գերիների հարցը։
Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները նոյեմբերի 20–ին և 21–ին Բաքվում էին փոխադարձ այցով։ Նոյեմբերի 20–ի նիստում կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթի հետ հաստատել էր նաև Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարթերային թռիչքի համար հատկացվող բյուջեն՝ 18 մլն դրամ։
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան ուղեկցվել էր քննադատություններով, քանի որ պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև Դիլարա Էֆենդիևան, որը նախկինում մասնակցել էր Արցախի շրջափակմանը՝ որպես «էկոակտիվիստ»։






