Նոյեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհը նոյեմբերի 23-ին արդեն հասել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ենթակա «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գետիկի անտառպետության առաջին, երկրորդ և չորրորդ պահաբաժիններ՝ այրելով խոտածածկ տարածքներ և ծառեր, հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը։
Հրդեհաշիջման գործողություններում ներգրավված են եղել ՆԳՆ փրկարար ծառայության մեծաթիվ մարտական հաշվարկներ, ինչպես նաև ուղղաթիռ։ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչությունների աշխատակիցներն էլ միացել են աշխատանքներին։
Բարդ ռելիեֆային տեղանքն ավելի է դժվարացրել հրդեհաշիջումը. որոշ հատվածներում այն իրականացվել է միայն անհատական միջոցներով։ Թեև որոշ հատվածներում հաջողվել է սահմանափակել կրակի տարածումը, սակայն չոր ու քամոտ եղանակի պատճառով հրդեհի վերջնական մարում դեռ հնարավոր չի եղել։
Նախնական տվյալներով՝ այրվել է Գետիկի անտառպետության 1-ին, 2-րդ և 4-րդ պահաբաժինների որոշ տարածքներ, իսկ կրակը շարունակում է շարժվել Դպրաբակի անտառպետության 6-րդ պահաբաժնի ուղղությամբ։
Հրդեհաշիջման աշխատանքներն այս պահին էլ ընթացքի մեջ են։






