ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տարածել է հայտարարություն՝ ընդգծելով, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի դրույթներով արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ բնության, բնակավայրերի կամ անթույլատրելի վայրերում նման թափոնների այրումը քաղաքացիների համար նախատեսում է նախազգուշացում կամ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի՝ այսինքն՝ 50,000 դրամի չափով տուգանք։
Իսկ պաշտոնատար անձանց դեպքում տուգանքի չափը կազմում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը՝ 200,000 դրամ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ նախորդ գիշեր մայրաքաղաքում արձանագրվել է օդի որակի զգալի վատթարացում։
«Ենթադրում եմ, որ շատերդ նաև տեսել եք ձեր կամ կողքի բակերում ինչ-որ մեկին, որը հավաքում է տերևներն ու վառում։ Սիրելի՛ երևանցիներ, տերևների և աղբի այդ փոքրիկ «գործարանները» ուղղակի թունավորում են ձեզ, շրջակա միջավայրն ու երեխաներին։ Սա նորմալ չէ»,–ասել է նա։






