ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում ակտիվ փուլում է նոր կենսաչափական համակարգի ներդրման լայնածավալ և համապարփակ գործընթացը։
Նա տեղեկացրել է, որ Երևանում ամենաբանուկ առևտրի երկու համալիրներում՝ մոլերում, կբացվեն գերժամանակակից գրասենյակներ՝ կենսաչափական տվյալների հավաքագրման բոլորը մեկում ինքնասպասարկման սարքավորումներով, մանկական խաղասրահով, սպասարկման միջազգային ստանդարտներով,–հայտնում է Արմենպրեսը։
«Շուտով մեր քաղաքացիներն ականատես կլինեն ծավալուն շինարարական աշխատանքների հանրապետության բոլոր մարզերում։ Մասնավոր գործընկերոջ՝ HayPass-ի կողմից ներկայացվել և մեր կողմից արդեն իսկ հաստատվել է 13 գրասենյակ, ևս 10-ն ընտրության փուլում է։
Հիմնովին վերանորոգվում է վարչական շենքը, որը ծառայելու է նաև որպես միջազգային ստանդարտներով կառուցվող տվյալների կենտրոն։ Այստեղ են իրականացվելու անձը հաստատող փաստաթղթերի անհատականացման և տպագրման աշխատանքները։ Շենքն ամբողջովին նորոգված, ամրակայված, կահավորված և վերազինված կլինի՝ նույն բարձր ստանդարտով՝ 24-ժամյա ՏՏ մոնիտորինգային գործիքակազմով, տեխնիկապես հագեցված հարմարավետ գրասենյակներով։
Այսպիսով՝ մենք արժանապատիվ պայմաններ ենք ապահովում նաև աշխատակազմի համար, որովհետև հավատում ենք, որ որակյալ ծառայությունների մատուցումը սկսվում է այստեղից»,–ասել է նա։
Նա հավելել է, որ սրանով հանրային ծառայությունների մատուցման բոլորովին նոր ստանդարտ կսահմանվի ՀՀհ–ում՝ փակելով անձնագրային համակարգի հնամաշ և ցածրորակ ենթակառուցվածքի էջը, կոտրելով ոլորտի կարծրատիպերը։






