Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում հաշվառված ավտոմեքենայով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական ակտը կստանան ու պարտավորությունները մարելու պարտականություն կունենան սահմանին, հայտնում է Արմենպրեսը։
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։
Փոխնախարարը հիշեցրել է, որ այժմ, եթե օտարերկրացին խախտում է թույլ տալիս ՀՀ-ում չհաշվառված ավտոմեքենայով, և այն արձանագրվում է տեսանկարահանող սարքերով, վարչական ակտն ուղարկվում է սահմանապահ ծառայություն, որտեղ նա ստանում է ծանուցումը և մարում պարտավորությունները։
«Սակայն խնդիր ենք ունենում, երբ օտարերկրացիները նմանատիպ խախտում են իրականացնում ՀՀ տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցով: Հետագայում ակտն ուղարկվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը, առավել շատ հանդիպում է վարձույթով տրվող մեքենաների դեպքում: Տեղեկացնում են, որ սեփականատերը չի եղել վարորդը, այլ վարորդը եղել է օտարերկրացին, և ակտն ուղարկվում է օտարերկրացու հաշվառման հասցեով իր ծագման երկիր»,-ասել է Ղազարյանը:
Նման իրավիճակներում պետական բյուջեն տարեկան մոտ 90 մլն դրամ ծախս է կատարում, սակայն մարված տուգանքների թիվը շատ քիչ է լինում։
Նախագծով առաջարկվում է, որ օտարերկրացիների կողմից ՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաներով խախտումներ կատարելու դեպքում կիրառվի նույն մոտեցումը, ինչպես չհաշվառված մեքենաների պարագայում՝ վարչական ակտը տրամադրելով սահմանային անցակետում և պարտավորությունը վճարելու պահանջով։
Նախագիծը ստացել է հանձնաժողովի հավանությունը և ներառվել է ԱԺ լիագումար նիստում քննարկման օրակարգում։






