Գլխավոր դատախազության շենքի առջև նստացույց է հայտարարվել «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանին ազատ արձակելու պահանջով, որի կալանքը 3 ամսով երեկարացվել է։ Նստացույցի նախաձեռնող Արման Պետրոսյանի խոսքով՝ ակցիայի նպատակն է հանրությանը ներկայացնել, որ Հայաստանում «կա կին քաղբանտարկյալ, ում մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստման հոդվածով, և այդ մեղադրանքը շինծու է»։
«Ինչու եմ իրականացրել այս ակցիան. քանի որ հանրությունը լռում է, կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպությունները լուռ են, մարդկանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններն էլ են լուռ։ Ես հրավիրում եմ բոլորի ուշադրությունը՝ մեր արվեստի և մշակույթի բնագավառների գործիչների, Ազգային ժողովի պատգամավորների, հատկապես կին պատգամավորների, ինչպես նաև կին լրագրողների։ Այս խնդրի առաջ այսօր կանգնած է Լիդիա Մանթաշյանը, իսկ հաջորդը կարող է լինել ձեզնից յուրաքանչյուրը։ Ես իմ պաշտպանությունն ու աջակցությունն եմ ցուցաբերում ի նպաստ Լիդիա Մանթաշյանի»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։
Պետրոսյանն ընդգծել է, որ իր նստացույցը շարունակվելու է անժամկետ՝ քանի դեռ Լիդիա Մանթաշյանը մեկուսարանում է։
«Ես իրականացնելու եմ նստացույց այնքան ժամանակ, քանի դեռ Լիդիա Մանթաշյանը գտնվում է մեկուսարանում՝ երկաթե դռներից այն կողմ։ Դատախազությունից ակնկալում եմ անաչառ աշխատանք, քանի որ չկա հիմնավոր մեղադրանք, չկա դատարանի որոշում, չկա կայացած դատավճիռ։ Ակնկալում եմ, որ ինձ միանալու են նաև շատ մարդիկ, որպեսզի Լիդիա Մանթաշյանը լինի ազատության մեջ, քանի դեռ վճիռ չկա կայացած։
Գլխավոր դատախազն էլ կին է. ցանկանում եմ հորդորել նրան հաշվի առնել այդ հանգամանքը և, կին լինելով հանդերձ, ճիշտ հետևություններ անել այս ամենից»,–ասել է նա։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 3 ամսով երկարաձգել է «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդիա Մանթաշյանի կալանքի ժամկետը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նույն գործով 10–ը տղամարդ բանտից ազատ արձակած դատավորը երկարացնում է Լիդիայի բանտարկությունը:






