Նոյեմբերի 2-ից ուժի մեջ են մտել Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները. պատասխանատվության են ենթարկվում այն վարորդները, որոնց մեքենաներում տեղադրված են ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ, նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ։
Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ նոյեմբերի 2-ից մինչ օրս, Պարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից Երևանում և մարզերում ստուգվել է 1492 ավտոմեքենա: Հայտնաբերվել է թույլատրելի նորմերին չհամապատասխանող սարքավորումներով համալրված 167 տրանսպորտային միջոց, հայտնում է ոստիկանությունը։
Իրավախախտ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանք և նորմերին չհամապատասխանող խլացուցիչների, բարձրախոսների և լրացուցիչ ուժեղացուցիչների բռնագրավում՝ տուգանային 2 միավորի կիրառմամբ:
ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։






