AM
24 Նոյեմբեր 2025 - 13:39 AMT

Անտոնյան․ Ծափաթաղում սպանված երեխայի քույրն ու եղբայրները ծանր հոգեբանական, հոգեբուժական խնդիրներ ունեն

Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրը և երեք եղբայրները շարունակում են մնալ Հայկական օգնության Ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնում։ Կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանի փոխանցմամբ՝ մոր հետ վերամիավորման մասին խոսելը դեռ վաղ է։

Նա նշել է, որ երեխաները ծանր հոգեբանական, նույնիսկ հոգեբուժական խնդիրներ ունեն, հայտնում է Aysor.am-ը։

«Վերադարձնելը շատ շուտ է, նույնիսկ գնահատական տալը շատ շուտ է։ Հավատացնում եմ ձեզ, ոչ թե հատուկ ինչ-որ բան եմ թաքցնում, այլ ժամանակ է պետք առօրյա պայմաններում երեխաներին ուսումնասիրելու համար։ Ակնհայտ է, որ երեխաների առօրյա գործառումը խաթարված է, նրանք անբնական վիճակում են, իսկ թե պատճառը որքանով է անտեսման հետևանք, որքանով՝ յուրացված վարքանմուշ, ցույց կտա ուսումնասիրությունը»,– ասել է նա։

Միրա Անտոնյանը նշել է, որ երեխաները տեսակցում են մորը և հեռախոսով կապի մեջ են։

«Տեսակցում են այնքան, որքան մայրը այդ ցանկությունը հայտնում է, բայց հեռախոսով կապի մեջ են։ Ցուցում չենք ստացել մորը արգելելու հանդիպել իր երեխաների հետ, դրա համար, ինչպես մյուս երեխաների դեպքում, երբ հարմար է՝ մայրը գալիս է, մենք ինքներս էլ գնացել ենք նրան այցելության։ Ավելին՝ քաջալերում ենք, որ մեզ մոտ գտնվող բոլոր երեխաներն ունենան ծնողների հետ հանդիպումներ»,– ասել է նա։

Երբ հարց է հնչել՝ արդյոք մոր հետ հանդիպումները ջերմ են, կենտրոնի ղեկավարը պատասխանել է․ «Այդ խնդիրներով ընտանիքների դեպքում մեզ համար շատ սովորական վիճակ է, բայց նրանք, ովքեր սովորական հարաբերություններին են սովոր, կարող են համարել ոչ բնական։ Բայց երեխաները, բնականաբար, կարոտում են, խնդրում են հանդիպում։ Նրանք, ովքեր կտրված են ընտանիքից, բնականաբար, ուզում են տեսնել ծնողին»։

Ըստ Միրա Անտոնյանի՝ նկատելի է, որ խնդիրները շատ են։

«Բարձիթողի վիճակ է, բնականաբար՝ կենցաղային հմտություններ, հիգիենա, առօրյայի կազմակերպում, գումարած հազար ու մի հարցեր, որոնք կապված են հոգեբանական, ներառյալ նաև հոգեբուժական խնդիրների հետ։ Դեռ պետք է հասկանալ՝ այդ խնդիրները սահմանային վիճա՞կ են, թե՞ լուրջ խնդիր կա։ Դրա համար ոչինչ ասել չեմ կարող»,-ասել է նա՝ չմանրամասնելով, թե ինչ հոգեբուժական խնդիրների մասին է խոսքը։

Նա նշել է, որ երեխաների հոգեբանական խնդիրները պայմանավորված են ոչ միայն ընտանիքի ծանր իրավիճակով և տեղի ունեցած դեպքով, այլ նաև ուշադրության գերքանակով։

«Աննկարագրելի թվով այցեր են լինում, դրանք հեշտ չէ հաղթահարելը, և երեխաների մոտ շոկը դեռ հաղթահարված չէ»,–նշել է նա։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե երեխաներն արդյոք ցանկանում են վերադառնալ տուն, Անտոնյանն ասել է՝ նախևառաջ մոր որոշումն է կարևորը։

«Որքան տեղյակ եմ՝ հիմա նա ապրում է իր հայրական տանը։ Թե ինչ կորոշի մայրը, կվերադառնա՞ իր համայնք երեխաների հետ, թե՞ ոչ՝ դժվար է ասել։ Իսկ երեխաների կողմից նման պահանջ չկա։ Ավելի շատ հուզական անկայունության հետ գործ ունենք։ Դուք սպասում եք սովորական ռեակցիայի, բայց նման սթրեսներ տարած երեխաների ռեակցիաներն այլ են՝ ավելի սպասողական, կարող են պահի տակ ունենալ ագրեսիա աշխատողների, իրար, նաև այլ երեխաների նկատմամբ»,– նշել է նա։

Ըստ կենտրոնի տնօրենի՝ հնարավոր է ժամանակի ընթացքում երեխաների կարողություններում դրական շարժ նկատվի․ «Սովորաբար այդպես էլ լինում է, բայց դա ամենաքիչը 6 ամիս տևում է»։

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․- ի (ծնված 2022 թ․) դին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ, նախնական տվյալներով, նրան խեղդամահ է արել հայրը։