«Սրբազան պայքարի» գործով անազատության մեջ գտնվող Լիդիա Մանթաշյանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից ուղարկած նամակում շնորհակալություն է հայտնել զորակցության խոսքերի համար։
Նա նշել է, որ «ցավում է ոչ թե առանձնապես իր դժվարությունների համար, այլ որ մեր պետության իրավական և մյուս համակարգերը ջախջախված են»։
«Ինչպես գիտեք, և՛ հոգևորականների, և՛ իմ, և՛ մյուս քաղբանտարկյալների կալանավորումը, ի թիվս այլ նպատակների, մեկ ընդհանուր նպատակ ուներ՝ ահաբեկել, վախեցնել, կոտրել մեզև մյուս այլախոհներին։ Ուրախ եմ, որ չեք ահաբեկվել։)))
Իսկ ես այս 5 ամիսների ընթացքում ավելի ուժեղ եմ դարձել․․․
Եթե նկատեցիք, մեր գործով ազատ արձակված բոլոր տղաների առջև դատարանը պահանջ է դրել՝ չգտնվել մարդաշատ վայրերում։ Ինչպես բոլորս էլ հասկանում ենք, այդ արգելքը չի վերաբերվում մարդաշատ զորամասեր, մարդաշատ բժշկական կենտրոններ, մարդաշատ հարսանիքներ և այլ վայրեր այցելելուն, խոսքը հանրահավաքների և ցույցերի մասին է ))
Այսինքն՝ դատարանը մարդկանց առջև պայման է դնում՝ եթե մասնակցես ցույցի, հետ կգնաս բանտ։ Այս ու՞ր ենք հասել․․․
Այսօր իմ հոգևոր հայր Բագրատ Սրբազանին, ինձ և մյուսներին հալածում են «ահաբեկչության» կեղծ գործ հարուցելով, ինձ ավելի խիստ պատիժ (իբրև խափանման միջոց) նշանակելով և հանրությանը ներկայացնելով որպես երկրի «թիվ 1 ահաբեկիչ»)))
Ցավում եմ, շա՜տ եմ ցավում, որ մեր պետությունը հայտնվել է այսօրվա վիճակում, երբ դատավորն առաջնորդվում է ոչ թե իր սեփական համոզումով, այլ կատարում է իրեն թելադրվածը։
Մինչև դատարանի կողմից իմ վերաբերյալ որոշման կարդալը, դատարանին ուղղված խոսքիս մեջ ասացի, որ ինձ ասել են՝ դատարանը թույլտվություն չի ստացել քեզ ազատ արձակելու։ Դատարանն իմ այդ ասածին նույնիսկ չանդրադարձավ։ Գոնե ասեր՝ նման բան չկա, ես ինքնուրույն եմ գործում։ Չասաց, որովհետև ասելիք չուներ․․․
Վստահ եմ, մեր պայքարը հաղթանակով է պսակվելու, և անկախության սերունդը կառուցելու է մեր երազների երկիրը․․․»,–ասվում է նամակում։
Գլխավոր դատախազության շենքի առջև նստացույց է հայտարարվել «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանին ազատ արձակելու պահանջով, որի կալանքը 3 ամսով երեկարացվել է։ Նստացույցի նախաձեռնող Արման Պետրոսյանի խոսքով՝ ակցիայի նպատակն է հանրությանը ներկայացնել, որ Հայաստանում «կա կին քաղբանտարկյալ, ում մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստման հոդվածով, և այդ մեղադրանքը շինծու է»։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 3 ամսով երկարաձգել է «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդիա Մանթաշյանի կալանքի ժամկետը։






