AM
24 Նոյեմբեր 2025 - 14:43 AMT

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Լիդիա Մանթաշյանին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ նոյեմբերի 24-ին ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՝ ուսումնասիրելու ազատությունից զրկված անձանց իրավունքների պահպանումն ու պահման պայմանները։

Այցի շրջանակում տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատազրկվածների, այդ թվում՝ Լիդիա Մանթաշյանի հետ։ Ավելի վաղ քրեակատարողական հիմնարկ այցելել և նրան տեսակցել էր նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Ըստ այցի արդյունքների՝ Լիդիա Մանթաշյանը բողոքներ չի ներկայացրել հիմնարկի վարչակազմի կամ պահման պայմանների վերաբերյալ։ Սակայն նա մտահոգություն է հայտնել իր դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակում կալանքի երկարաժամկետ կիրառման իրավաչափության մասին։ Նման բողոքներ, ըստ ՄԻՊ գրասենյակի, պարբերաբար բարձրաձայնում են նաև այլ կալանավորված անձինք։

Հաշվի առնելով, որ կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում շարունակում է մնալ մտահոգիչ, Մարդու իրավունքների պաշտպանը՝ առանց միջամտելու կոնկրետ գործերով դատարանի գործունեությանը, վերահաստատել է իր դիրքորոշումը՝ հիշեցնելով, որ կալանքը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, երբ այլընտրանքային խափանման միջոցները չեն ապահովում մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում։

ՄԻՊ-ը կրկին ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ կալանքի ինստիտուտի չարաշահումը կարող է խաթարել ողջ քրեական արդարադատության համակարգի նկատմամբ հանրային վստահությունը և բերել համակարգային խախտումների։

Գլխավոր դատախազության շենքի առջև նստացույց է հայտարարվել «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանին ազատ արձակելու պահանջով, որի կալանքը 3 ամսով երեկարացվել է։ Նստացույցի նախաձեռնող Արման Պետրոսյանի խոսքով՝ ակցիայի նպատակն է հանրությանը ներկայացնել, որ Հայաստանում «կա կին քաղբանտարկյալ, ում մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստման հոդվածով, և այդ մեղադրանքը շինծու է»։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 3 ամսով երկարաձգել է «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդիա Մանթաշյանի կալանքի ժամկետը։