Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական Արշակ Օրդուխանյանի կալանքը ևս մեկ անգամ երկարացվել է։ Այս մասին հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեից, գրում է Factor.am-ը։
Օրդուխանյանը մեղադրյալ է Քննչական կոմիտեում քննվող, այսպես ասած, «զանգերի կենտրոնի» գործով:
Նա ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է 2025-ի ամռանը: Երկամսյա կալանքի ժամկետը լրանալուց հետո Օրդուխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել սեպտեմբերին, որը լրանալուց առաջ կրկին ներկայացվել է կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն: Այս միջնորդությոնը, փաստորեն, դատարանի կողմից բավարարվել է:
2025 թվականի փետրվարին քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչություն են փոխանցվել օպերատիվ տեղեկություններ՝ Երևանի մի գրասենյակային տարածքում գործող հանցավոր կազմակերպության վերաբերյալ։ Ըստ հաղորդման, կազմակերպությունը՝ բաղկացած Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիներից, զբաղվել է համակարգչային հափշտակություններով՝ զանգերի կենտրոնի մեխանիզմը օգտագործելով։
Սխեման հետևյալն է՝ զանգահարել քաղաքացիներին՝ ներկայանալով որպես բանկերի, հարկային ծառայությունների կամ տեխնիկական աջակցության աշխատակիցներ և համոզել, որ նրանց հաշիվը կամ համակարգիչը ենթարկվել է սպառնալիքի։ Այնուհետև խաբեության եղանակով կորզել են անձնական կամ բանկային տվյալներ։ Որպես այլ տարբերակ՝ առաջարկվել են բարձր շահույթով «դիլերային» կամ ներդրումային գործարքներ՝ նպատակ ունենալով մոլորեցնել քաղաքացիներին։
Ոստիկանության տեղեկացմամբ՝ ամիսներ շարունակ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել հանցախմբի գործելաոճը, ներգրավված անձանց շրջանակը և յուրաքանչյուրի դերակատարումը հանցավոր սխեմայում։






