Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը տուժող չի ճանաչվել՝ իշխանությունների կողմից իրեն վերագրվող տեսանյութի վերաբերյալ քրեական վարույթով։ Արշակ սրբազանն ի սկզբանե դիրքորոշում է հայտնել, որ այն հոդվածով, որով քրեական վարույթը նախաձեռնվել է, սրբազանը չի կարող լինել տուժող։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը։
«Վարույթը նախաձեռնվել է, նախաքննությունն իրականացվում է անձի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով, մինչդեռ, եթե Արշակ սրբազանն ասում է, որ տեսանյութի բովանդակությունն իր հետ կապ չունի, հետևաբար, այդտեղ առկա չէ անձնական կյանքի գաղտնիության խախտում։ Արշակ սրբազանն ասել է, որ տուժել է այլ արարքից՝ իր և եկեղեցու նկատմամբ թշնամանք և ատելություն տարածելուց։ Այսինքն՝ Արշակ սրբազանի նկատմամբ եղել է ատելության տարածումը, հորդորել ենք, որ այս ուղղությամբ քննություն իրականացվի»,- նշել է Բաբայանը, հայտնում է «Փաստինֆոն»։
Փաստաբանը հավելել է, որ տեղեկություն չունի՝ արդյոք Քննչական կոմիտեն արդեն կատարել է տեսագրության փորձաքննություն։
Բաբայանը պատասխանել է նաև այն դիտարկմանը, թե պատահականությո՞ւն է, որ հաղորդումը ներկայացրել է Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ ակնհայտ է՝ Իոաննիսյանը մոտ է իշխանություններին ու նպաստում է նրանց օրակարգին։
«Եթե Իոաննիսյանն իսկապես օբյեկտիվ պատճառ ունենար հաղորդում ներկայացնելու, ապա առնվազն չէր պնդի, որ այդ հոդվածով վարույթ նախաձեռնվի։ Եթե գիտես, որ Արշակ Սրբազանն ասում է, որ իր հետ կապ չունի, ապա հաղորդում կարող ես ներկայացնել՝ նշելով, որ նման բան կա, գնացեք և ճշտեք՝ ինչ է եղել, այլ ոչ թե ինչ-որ մեկը խախտել է սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը։ Այս առումով կարծում եմ, որ, այո, նա էլ մասնակից է այս ընդհանուր պրոցեսի, որ իշխանությունն ասի՝ ինչպես է տուժող ճանաչվել»,–նշել է փաստաբանը։
Դիտարկմանը, թե արդյոք այս տեսագրության տարածումն ուղղված է եղել միայն Արշակ սրբազանի դեմ, փաստաբանը նշել է, որ նրա կերպարը օգտագործվել է ավելի լայն՝ Եկեղեցու դեմ իրականացվող գործողությունների համատեքստում։
«Արշակ սրբազանի անձով պայմանավորված՝ պատահական չէ, որ հենց նա է ընտրվել, դիվանապետն է, եկեղեցում հարգանք վայելող անձ է, բնական է, որ եկեղեցու դեմ այս հանցավոր գործունեության թիրախներից մեկը պետք է լիներ նաև Արշակ սրբազանը։ Այո, Արշակ սրբազանի այս դրվագն ընդգրկվում է եկեղեցու դեմ սանձազերծված այս ապօրինություններին»,- ընդգծել է փաստաբանը։
Հոկտեմբերի լույս 25-ի գիշերը տելեգրամյան ArmenianWikileaks ալիքում հրապարակվել են ինտիմ բնույթի տեսանյութեր, որոնցում, ըստ տարածողների պնդման, ներկայացված է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ մի կնոջ հետ։ Սրբազանը հեգնանքով է արձագանքել է այդ հրապարակումներին։ Հանցագործության մասին հաղորդում ներկայացվել էր ոչ թե Արշակ Սրբազանի, այլ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից ՝ ենթադրաբար Արշակ սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։
Հանցագործության մասին հաղորդումը դատախազությունում չորս օր մնալուց հետո ուղարկվել է ՔԿ, որտեղ քրեական վարույթ նախաձեռնվել է՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով։






