Գյումրու համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը դիմել է դատարան՝ ներկայացնելով հայց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և ՀՀ դեմ։
Նա պահանջում է ոչ միայն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, այլև ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտման փաստը և վճարել փոխհատուցում, գրում է «Հետքը»։
Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան մի քանի գրառումների միջոցով Վարդան Ղուկասյանին անվանել է «կաշառակեր սրիկա», երբ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ղուկասյանին մեղադրանք են առաջադրել։
Մասնավորապես՝ գրառումներից մեկում Ռ. Ռուբինյանը Վարդան Ղուկասյանի լուսանկարի ներքո գրել է. «6 ամիս և 1 օր: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի: Սրա համար քաղաքական պատասխանատվություն են կրում իրեն քաղաքապետ դարձնողները Քոչարյանը, Սարգսյանը, Վանեցյանը, Դաշնակցությունը և մյուսները: Պատասխանատու է նաև օրհնողը Կտրիճ Ներսիսյանը յուր իշխանազավթում տենչացող արքեպիսկոպոսներով: Ու սա 2026 թվականին ուզում են կրկնել համապետական մասշտաբով, որ հետ գան ու վերսկսեն իրենց թալանը: Թույլ չե´նք տալու»։
Վարդան Ղուկասյանը դատարանի միջոցով պահանջել է հրապարակայնորեն հերքել այդ տեղեկությունները և 500,000 դրամ փոխհատուցում՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնաս։
Բացի դրանից, Ղուկասյանը նաև պնդել է, որ խախտվել է իր արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես՝ անմեղության կանխավարկածը։ Նա հայցել է ճանաչել այդ խախտումը և ՀՀ-ից իր օգտին բռնագանձել ևս 500,000 դրամ՝ որպես այդ խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Հայցը ներկայացվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոյեմբերի 24-ին, սակայն դատավարական վարույթ սկսելու որոշում այս պահին դեռ չի կայացվել։
2025 թվականի հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկություն է տարածել, որ իր օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված ծավալուն գործողությունների և գաղտնի քննչական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց՝ Գյումրու համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը նախնական պայմանավորվածությամբ կաշառք պահանջելու և ստանալու դեպքերին են առնչվել։
Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է հենց համայնքապետարանի շենքում և ներկայումս գտնվում է կալանքի տակ։






