AM
25 Նոյեմբեր 2025 - 08:33 AMT

Կասեցվել է այս տարվա ընթացքում արդեն 4-րդ հանցավոր «Զանգերի կենտրոնի» գործունեությունը

Կասեցվել է այս տարվա ընթացքում արդեն 4-րդ հանցավոր «Զանգերի կենտրոնի» գործունեությունը, հայտնում է ոստիկանությունը։

Նոյեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները անսպասելի խուզարկություն են իրականացրել Երևանում գործող հանցավոր «զանգերի կենտրոնում»՝ կասեցնելով դրա գործունեությունը։ Հանցավոր այդ ցանցի վերաբերյալ տեղեկատվությունը ստացվել է Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում դեռևս ավելի վաղ։

Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը նշել է, որ այդ տվյալների հիման վրա պարզվել է, որ մի խումբ անձինք նախապես համաձայնության գալով՝ վարձակալել են Արաբկիր վարչական շրջանում գործող կոմերցիոն տարածք, այն վերածել զանգերի կենտրոնի և կատարել համակարգչային խարդախություններ՝ առանձնապես խոշոր չափերով։

Խմբի անդամները փորձել են խուսափել իրավապահների տեսադաշտից՝ քողարկելով տարածքը, ապահովելով անվտանգություն և հավաքագրելով անձանց, որոնց նախապես վերապատրաստել են հանցավոր սխեմայի իրականացման նպատակով։ Նրանք գործել են ինտերնետային զանգերի և հեռավար վերահսկվող համակարգիչների միջոցով՝ նպատակ ունենալով հափշտակել օտարերկրյա քաղաքացիների գումարները։

Հայաստանում գործող նման խմբերը կապված են այլ երկրներում գործող համանման հանցավոր ցանցերի հետ, որոնք իրենց հերթին թիրախավորել են նաև Հայաստանի քաղաքացիներին։ Այդպիսի կենտրոնների բացահայտումն ու կասեցումը հնարավորություն են տալիս կանխել նմանատիպ հանցագործությունները։

Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետը հավելել է, որ չնայած հանցախմբի կիրառած պաշտպանական քայլերին, լայնածավալ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում իրավապահներին հաջողվել է պարզել ներգրավված անձանց ինքնությունները, նրանց դերակատարումը կազմակերպությունում, կիրառվող խարդախ հարթակները և կրիպտո դրամապանակները, որոնք օգտագործվել են ապօրինի ստացված գումարները շրջանառելու նպատակով։

Նրանց մոտ եղել է նաև կոնկրետ ցուցում՝ ինչպես ոչնչացնել համակարգիչներում առկա էլեկտրոնային ապացույցները, եթե իրավապահները հայտնվեն տարածքում։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նոյեմբերի 20-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Քննչական կոմիտեի ծառայողները իրականացրել են անակնկալ ներխուժում, որի արդյունքում հանցախմբի անդամները չեն հասցրել վերացնել քննության համար կարևոր թվային ապացույցները։

Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների քաղաքացիներ, ինչպես նաև օգտագործված համակարգչային սարքավորումները։

Հավաքագրված փաստերի հիման վրա Քննչական կոմիտեն անցկացնում է համապատասխան վարույթային գործողություններ՝ պարզելու հանցավոր կազմակերպության բոլոր անդամների քրեադատավարական կարգավիճակը։

Քրեական ոստիկանությունն ակտիվ համագործակցում է այլ երկրների իրավապահ մարմինների հետ՝ տուժած անձանց վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով։