Բնական աղբի, հատկապես տերևների այրման արդյունքում մթնոլորտում առաջացած վնասակար նյութերն ազդում են մարդու առողջության վրա, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ ։
«Տերևների այրումն արտազատում է մանր փոշիներ, ծխային գազեր և քիմիական միացություններ:
Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․
Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)
Սրտանոթային խնդիրների սրացում
Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն
Գլխացավեր, հոգնածություն»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Երեխաների մոտ առաջանում է բրոնխիտի, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ։
«Տերևները և այլ բուսական մնացորդները երբեք մի այրեք․ այրման ընթացքում արտազատվող ծուխն ու վնասակար մասնիկները սրացնում են օդի աղտոտվածությունը և կարող են առաջացնել լուրջ առողջական խնդիրներ ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար։
Տերևներ չայրելով դուք պաշտպանում եք ձեր առողջությունը և նպաստում մաքուր ու անվտանգ օդ ունենալուն»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետն էր հորդորել չայրել տերևները։






