Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 24-ին ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ինչպես նաև ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձրել Ադրբեջանում հայ քաղաքացիների կամայական ազատազրկման դեպքերին՝ նշելով, որ այդ գործընթացները մարդու իրավունքների տեսակետից լրջագույն մտահոգություններ են առաջացնում։
Մարդու իրավունքների պաշտպանը մասնավորաբար շեշտել է մի շարք իրավական հարցեր, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, քրեական գործերի վարույթի ընթացքում մարդու իրավունքների երաշխիքների պահպանման անհրաժեշտությանը, ինչպես նաև կալանքի կիրառման իրավաչափությանը վերաբերող չափանիշներին։
Մանասյանը ներկայացրել է իր գործունեության առանցքային ուղղությունները՝ առանձնացնելով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։
Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել մի շարք հիմնախնդիրների, որոնք առնչվում են մարդու իրավունքների տարբեր ուղղություններին։ Մասնավորապես՝ քննարկվել է խտրականության, ատելության խոսքի և անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման անհրաժեշտությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ իրականացվող գործողությունները։
Քննարկվել են նաև համագործակցության խորացման և մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման ուղղությամբ փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։
Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվա ազատազրկում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գերիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։






