Նոյեմբերի 26-ինՀայաստանի ազգային պատկերասրահում կմեկնարկի «Մոդեռնիզմի հոսքեր» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է սփյուռքահայ արվեստագետների ստեղծագործություններին։
Ցուցադրության մեջ ընդգրկված է ավելի քան քառասուն արվեստագետների մոտ 100 գործ։
«Մոդեռնիզմի հոսքերն» առաջին ցուցահանդեսն է, որը բացահայտում է 20-րդ դարի կեսերին ձևավորված բարդ և հաճախ անտեսված կապերը խորհրդահայ և սփյուռքի արվեստների միջև։ Ամբողջովին հիմնված Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի վրա՝ այս հետազոտական դիտարկումը նոր հայացք է առաջարկում, ցույց տալով, թե ինչպես էին Խորհրդային Հայաստան – Սփյուռք արվեստային փոխառնչությունները շարունակում զարգանալ Սառը պատերազմի գաղափարական և քաղաքական սահմանափակումներին հակառակ, հայտնում է պատկերասրահը։
«Մոդեռնիզմի հոսքեր» ցուցահանդեսը նաև ցույց է տալիս, թե ինչպես այս արվեստային հաղորդակցությունները ձևավորեցին մի փխրուն, բայց ծավալուն ցանց Հայաստանի և Սփյուռքի միջև, նպաստելով հետցեղասպանական հայկական մշակութային իրականության մասնատվածության սպիացմանը։ Սա պատմական գործոն է, որը խնդրականացնում է խորհրդահայ արվեստի «հերմետիկության» վերաբերյալ ընդունված պատկերացումները՝ առաջարկելով 20-րդ դարի հայկական մոդեռնիզմի ավելի փոխկապակցված և բազմակենտրոն տեսլական։
Ցուցահանդեսի համադրողներն են Հասմիկ Բադալյանն ու Վիգեն Գալստյանը։






