Դպրաբակի նախկին վարչական ղեկավար Հովհաննես Նազլուխանյանն ասել է, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհը հասել է մինչև Դպրաբակ գյուղ, սակայն դեռ չի տարածվել անտառի տարածքի վրա` դեմն առել ենք գիշերը, հայտնում է Aysor.am-ը։
Նա հիշեցրել է, որ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքը հարակից է Տավուշի մարզին և հավելել է, որ եթե կրակը հասնի անտառ, ապա այն կդառնա անկառավարելի։
«Անտառներից վերև է կրակը, բայց այնտեղ էլ եղևնու անտառներ ունենք, չեմ իմանում մինչև ինչքան կպահեն։ Գիշերը տղաս էլ է էնտեղ եղել, սաղ տղերքը էնտեղ են, մինչև ժամը 3-ը հանգցնելիս են եղել, խոտը բարձր է՝ շատ զոռ է հանգցնելը։ Հանգցնում են, բայց կարող է նորից վերսկսած լինի»,-ասել է նա։
Հովհաննես Նազլուխանյանն ընդգծել է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ոչ միայն համայնքի բնակիչները, այլև մեծաթիվ փրկարարներ ու տեխնիկական միջոցներ։
«Շլանգներ են փռում, իրար պոչ անում, աշխատում են իհարկե, մի քանի ուղղաթիռ է աշխատում, երկու, թե երեք հատ աշխատում է, գնում է Սևանից վերցնում է ջուրը՝ բերում»,-ասել է նա։
Նազլուխանյանը նշել է, որ չնայած հրդեհի բռնկման պատճառը դեռ հայտնի չէ, տարածման հիմնական պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն են։
«Շատ չորային է, երկար ամիսներ անձրև չի գալիս, սարսափելի չորային վիճակ է, կրակը բռնկվելով գնում է։ Նախ խոտերը այս տարի քիչ են հնձել, հետո էլ այնտեղ շատ բարդ տարածքներ են՝ ձորեր, թեքություններ, հնձելի էլ չեն, բարձր, երկու մետրից բարձր խոտեր կան էնտեղ։ Դեե որ ամեն ինչ անում են, որ անտառին չհասի»,-ասել է նա։
Նոյեմբերի 21-ից Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհը, չնայած մեծածավալ փրկարարական միջոցառումներին, դեռ ամբողջությամբ չի մարվել։






