AM
25 Նոյեմբեր 2025 - 10:27 AMT

Փոլման. Վարդանյանը մեզ հիշեցնում է, որ նպատակն ավելի զորեղ է, քան պատիժը

2025 թ․ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, գործարար-առաջնորդ, կլիմայի և իրավահավասարության հարցերի պաշտպան Փոլ Փոլմանը խոսել է «Ավրորայի» համահիմնադիր, բարերար և սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանին, որին ապօրինաբար անազատության մեջ են պահում Ադրբեջանում, հայտնում է հիմնադրամը։

Նա նշել է, որ Վարդանյանը մեզ հիշեցնում է, որ նպատակն ավելի զորեղ է, քան պատիժը:

«Մեր ժամանակների մեծագույն անարդարություններից է, որ մարդկային ազատության համար այսպիսի հարթակ կառուցած մարդուն զրկել են ազատությունից։ Սա հիշեցում է այն մասին, թե որքան փխրուն կարող է լինել արդարությունը, և որքան կարևոր է բարձրաձայնել անարդարության մասին»,–ասել է նա, գրում է Panorama.am-ը։

«Ռուբեն Վարդանյանը ստեղծել է հնարավորություններ սակավ ռեսուրսներից, դպրոցներ այնտեղ, որտեղ չկա հասանելիություն, և վստահության կամուրջներ՝ ի հեճուկս հակամարտությունների, որոնք շատերը համարել են անհաղթահարելի։ Նա տեսել է վատագույնը մարդկանց մեջ և այն վայրերը, որոնք անտեսված են աշխարհի կողմից։ «Ավրորան» ծնվել է այն նույն տեսլականից, որ երախտագիտությունը զուտ զգացողություն չէ, այլ պատասխանատվություն, որ կարեկցանքը ոչինչ է, եթե չի մղում գործողության»,–ասել է Փոլմանը։

Խոսելով Ռուբենի ժառանգության մասին՝ Փոլմանը նկատեց, որ չնայած Ռուբենի բացակայությունը խորապես զգացվում է, նրա ոգին շարունակում է ոգեշնչել «Ավրորային»՝ շարունակելու իր աշխատանքը և արդարության ու հույսի համար համաշխարհային շարժումը։

Նոյեմբերի 24-ին Բաքվում շարունակվել է հայտնի գործարար, բարերար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործերով դատական ֆարսը։