Նոյեմբերի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնելու է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակությունը։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կոնդակով այս տոնը հռչակվել է նաև Աստվածամուխ Սուրբ գեղարդի ուխտի օր։
Այդ օրը Մայր Տաճարում ժամը 10:30 կմատուցվի Սուրբ պատարագ։ Պատարագի ընթացքում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար Տաճարում կմնա մինչև ժամը 18:00-ն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
Տոնին նախորդող օրը՝ նոյեմբերի 28-ին, ժամը 17:30 Մայր Տաճարում Երեկոյան ժամերգության ընթացքում տեղի է ունենալու նախատոնակ։ Այդ ընթացքում կբերեն Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։
«Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին իրենց աղոթական մասնակցությունը բերելու նախատոնակին և Սուրբ Պատարագին»,- նշում են Մայր Աթոռից։






