AM
25 Նոյեմբեր 2025 - 11:07 AMT

Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհաշիջման աշխատանքներն ընթանում են մի քանի ուղղությամբ

Նոյեմբերի 25-ին, ժամը 13:30-ի դրությամբ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ից բռնկված հրդեհի մի քանի օջախներից երկուսը մարվել են հրշեջ-փրկարարների օպերատիվ աշխատանքի արդյունքում, իսկ մյուս օջախներում հրդեհաշիջման գործողությունները շարունակվում են ինտենսիվ ռեժիմով։

Հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ ղեկավարելու նպատակով ձևավորված հրդեհաշիջման շտաբի աշխատանքները տեղում ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից, ԵՓՎ, ՓՈւՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։

Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 1830 փրկարար, 10 ոստիկանության ծառայող, 103 էկոպարեկ, ինչպես նաև օգտագործվել են 17 հիմնական և 143 օժանդակ տեխնիկական միջոցներ։ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է հետախուզում և հրդեհաշիջում՝ կատարվել է 70 թռիչք։

Հրշեջ-փրկարարների համակարգված և համառ աշխատանքի արդյունքում հաջողվել է մարել տարբեր վայրերում բռնկված կրակները։ Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու Սպիտակասարի հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Զոլաքար գյուղին հարակից սարում, Լոռու մարզի Սպիտակի լեռնանցքի, Լեռնաջուրի, Սարատովկա-Նովոսելցովո հատվածներում, Գոգարան-Սարալանջ բնակավայրերին հարակից տարածքում, Ուրասարի և Ծաղկաբերի շրջակայքում, Սյունիքի մարզի Իշխանասարի ու Իշխանասար-Նորավան հատվածներում, Կոտայքի մարզի Հրազդանի Մաքրավան թաղամասի «Ձորքաշ» կոչվող տարածքում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի հարևանությամբ։

Հրդեհաշիջման ինտենսիվ աշխատանքները շարունակվում են նաև Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» կոչվող հատվածում, Նավուր գյուղի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառային տարածքում, ինչպես նաև Շիրակի մարզի Ձորաշեն գյուղի մերձակայքում։

Գործողություններին ակտիվորեն միացել են նաև հարակից համայնքների բնակիչները՝ աջակցելով փրկարարներին այս դժվարին և պատասխանատու գործընթացում։

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հորդորում է քաղաքացիներին խուսափել չոր խոտերի և ցանքատարածքների այրումից արոտավայրերում՝ կանխելու նոր հրդեհավտանգ իրավիճակների առաջացումը։

Հիշեցվում է նաև խոզանների այրման վնասակար ազդեցության մասին։ Այս պրակտիկան վնասում է հողի կառուցվածքը և նվազեցնում դրա բերրիությունը, բացասական հետևանք է ունենում մարդու առողջության վրա, ինչպես նաև խաթարում է կենսաբազմազանությունն ու թուլացնում է էկոհամակարգի վերականգնման հնարավորությունը։

Քաղաքացիներին կոչ է արվում խստորեն պահպանել հրդեհային անվտանգության բոլոր կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում անհապաղ զանգահարել 911։