AM
25 Նոյեմբեր 2025 - 12:28 AMT

Արցախի «Տատիկ-պապիկ» հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել

Արցախի խորհրդանիշ դարձած «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») արձանն Ադրբեջանի կողմից վանդալիզմի է ենթարկվել։ Տեղեկությունը տարածել է «Գեղարդ» գիտահետազոտական հիմնադրամը՝ հղում անելով ազգությամբ թալիշ լրագրող Ռահիմ Շալիևի հրապարակմանը։

Շալիևը X հարթակի իր միկրոբլոգում տարածել է տեսագրություն:

«Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել «Մենք ենք մեր սարերը» պատմական հուշարձանը, որը համարվում է Արցախի խորհրդանիշ»,- նշել է Շալիևը։

Նրա ներկայացրած տեսանյութում արձանի վրա՝ առջևի հատվածում, երևում են ադրբեջաներենով արված տարբեր գրառումներ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից, դրան հաջորդած էթնիկ զտումից ու հայաթափումից հետո է հատկապես «Մենք ենք մեր սարերը» արձանը գտնվում ադրբեջանցիների թիրախում։ Այս ընթացքում համացանցում պարբերաբար տարածվել են տարբեր լուսանկարներ ու տեսանյութեր՝ արձանը վանդալիզմի ենթարկելու, Ադրբեջանի դրոշով կոթողի մոտ լուսանկարվելու, հայերի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու և գրառելու հետ կապված։

Ժամանակ առ ժամանակ Ադրբեջանում նույնիսկ հայտարարություններ են հնչում հայկական այս հուշարձանը քանդելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ այս տարվա օգոստոսին, Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, «Արդարություն, իրավունք, ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Գուդրատ Հասանգուլիևն արձանը քանդելու առաջարկ էր արել։