Հայր Մաղաքիա Տեր-Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վերջին շրջանում Հայաստանի ներքին կյանքը դարձել է խիստ ալեկոծված։
Ըստ նրա՝ չարը ոմանց սրտերում սերմեր է ցանել և ուղղել է նրանց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ՝ ամբողջ նվիրապետական կառույցը դարձնելով թիրախ։
«Տարբեր անձինք ամենօրյա ռեժիմով առանց մեկ վայրկյան մտածելու, իրենց հոգու անիրավ ճիչերն են արձակում առ Մեր Սուրբ Եկեղեցին, Հայոց Հայրապետ և բարձրաստիճան եկեղեցականներ։ Վստահ եմ, որ բոլորն էլ գիտակցում են, որ սա ոչ թե պայքար է անձերի դեմ, այլ հենց Քրիստոսի եկեղեցու՝ նպատակ ունենալով անվանարկել և մեր կյանքից հեռացնել այն նվիրական կառույցը, որը դարեր ի վեր պայքարել է «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»։ Սակայն, այս պայքարում ամենացավոտը, թերևս ինձ համար, Մեր Սուրբ Եկեղեցու ներսում սնված և հասակ առած անձանց շփոթությունն է, որոնք իրենց «սրբակենցաղ» վարքով լծվել են «Եկեղեցին մաքրագործելու» գործընթացին։
Բայց, սիրելիներ, շտապեմ հիասթափեցնել ձեզ, որովհետեւ Տերն իսկ ասաց, «ով որ այս վեմին բախվի, կխորտակվի, եւ ում վրա ընկնի, կճզմի նրան» (Ղուկ. 20:18) և «ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու (Մտթ. 7:1):
Սիրելիներ, դուք ուրացել եք ոչ միայն մեր Սուրբ հայրերի ավանդը և շատերի նահատակությունը, այլ նաև այն նահատակված հայորդիների արյունը, որոնք պայքարել են հանուն այն արժեքների, որոնցով դաստիարակվել եք նաեւ դուք։ Նրանք իրենց կյանքը չխնայեցին ձեզ համար, իսկ դուք ձեր բարեկեցությունը միայն փրկելու համար դավաճանեցիք։
Դուք նմանվել եք առաջին կրակված փամփուշտից փախչող վախկոտների»,-գրել է Հայր Մաղաքիա Տեր-Մկրտչյանը։






