ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բազմաշերտ և զարգացող համագործակցությունը, ինչպես նաև խորհրդարանական մակարդակի փոխգործակցության դերը տարբեր ոլորտներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների ներկայիս վիճակն ու հետագա զարգացումները, անդրադարձ է եղել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված բարեփոխումների ընթացքին։
Եղոյանը հատուկ ուշադրություն է դարձրել ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը՝ կարևորելով Գերմանիայի դերը և աջակցությունն այս գործընթացում։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ու առնչվող հարցերին։ Քննարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության նախաձեռնության իրականացումը։
Եղոյանը նաև ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական ծրագիրը՝ ընդգծելով դրա նշանակությունը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացում։
Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է փոխանցել վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում նախատեսված գործողությունների ծրագիրը։
Փաստաթղթում ներկայացված են այն բարեփոխումները, որոնք Հայաստանը պետք է իրականացնի անվտանգության, սահմանային վերահսկողության, մարդու իրավունքների և մի շարք այլ ոլորտներում։






