Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Վրաստանի տարածքային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանիի հետ հանդիպմանն առաջարկել է առաջարկել է երկու երկրների համայնքապետերի համար շփումների հարթակ ստեղծել:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածքային և տեղական ինքնակառավարման ոլորտներին վերաբերող հարցեր՝ մասնավորապես կենտրոնացված լիազորությունների ապակենտրոնացման ընթացիկ գործընթացը։
Քանի որ Վրաստանը ևս շարժվում է նույն ուղղությամբ, առանձնացվել են այն հիմնական մարտահրավերները, որոնք ծագում են նման բարեփոխումների իրականացման ժամանակ։
Գուլեդանին հատուկ հետաքրքրվել է Հայաստանի համայնքների խոշորացման փորձով՝ տեղեկանալով դրա արդյունավետությանը և գործնական արդյունքներին։
Կողմերն անդրադարձել են նաև համայնքային ենթակառուցվածքների ծրագրերի իրագործմանը, դրանց վերահսկողության ու մշտադիտարկման մեխանիզմներին։
Նախարար Խուդաթյանն իր հերթին վրացի գործընկերոջը ներկայացրել է առաջարկ՝ երկու երկրների համայնքապետերի համար ստեղծել շփման հատուկ հարթակ, որն ի զորու կլինի նպաստել ձևավորված երկկողմ կապերի զարգացմանն ու խորացմանը։






