ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ Վայոց ձորի Արենի համայնքի Չիվա բնակավայրի նախկին ղեկավարի դեմ քննված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Նրան մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար։
Ըստ ՀԿԿ հաղորդագրության՝ նախկին պաշտոնյան 2004-2017 թթ. ընթացքում կազմակերպել և իրականացրել է համայնքային մի շարք հողամասերի ապօրինի աճուրդներ։ Մասնավորապես՝ 2015 թվականի դեկտեմբերին նա կազմակերպել է ձևական աճուրդ, որի նպատակն է եղել մեկ հողամասը ավելի ուշ շատ ավելի բարձր գնով վաճառել բարեգործական կազմակերպության։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2004-2017 թթ. ընթացքում ՀՀ Վայոց ձորի Արենի համայնքի Չիվա բնակավայրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, կազմակերպել և իրականացրել է համայնքային մի շարք հողամասերի ապօրինի աճուրդ-վաճառքներ, իսկ նշված հողամասերից մեկն աճուրդային գնից բազմակի ավել գնով բարեգործական ընկերությանն օտարելու և եկամուտ ստանալու դիտավորությամբ 2015 թվականի դեկտեմբերին կազմակերպել և անցկացրել է ձևական աճուրդ-վաճառք։
Մասնավորապես՝ հողամասերի օտարման համար հայտարարված աճուրդի օրինական լինելու պատրանք ստեղծելու նպատակով՝ Չիվա բնակավայրի ղեկավարը որպես աճուրդի մասնակից ձևակերպել է իր երկու ազգականներին, որոնցից մեկը հաղթող է ճանաչվել և ընդհանուր մոտ 0.8 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերը գնել 19.,53 ՀՀ դրամով։
Այնուհետև վերը նշված պաշտոնատար անձը, աճուրդում հաղթող ճանաչված ազգականի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, վերջինիս կողմից ձևականորեն իրեն տրված լիազորագրի հիման վրա, նրան օտարված 2 հողամասերից մեկը 4,595,086 ՀՀ դրամով վաճառել է բարեգործական ընկերությանը, որից հետո նշված անձինք ձեռք են բերել հողամասերի օտարման արդյունքում ստացված գումարը տնօրինելու և օգտագործելու հնարավորություն՝ այդ կերպ օրինականացնելով հանցագործության արդյունքում ստացված եկամուտը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Չիվա բնակավայրի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին), իսկ աճուրդում հաղթող ճանաչված ազգականին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին)։
Նրանք ներկայացված մեղադրանքներում իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։ Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև վերը նշված պաշտոնյայի ու այլ անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրան օժանդակելու դեպքեր:
Նրանց վերաբերյալ կայացվել են հանրային քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։






