Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողովից առաջ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հույս ունի՝ եկեղեցու ու իշխանության միջև լարվածությունը ծայրահեղ իրավիճակի չի հանգեցնի։
«Հուսամ՝ նման լարում, ծայրահեղ վիճակ չի լինի, դա կլինի լավագույնը»,-ասել է նա։
Աբրահամ Սրբազանը հիշեցրել է Վազգեն Կաթողիկոսի խոսքերը՝ «ամենից առաջ պետք է հիշենք, որ մենք նույն ազգի հարազատ զավակներն ենք», հայտնում է Panorama.am-ը։
Այն հարցին, թե այս պարագայում ո՞վ պետք է գնա փոխզիջման, Աբրահամ սրբազանը պատասխանել է. «Չգիտեմ՝ ինչ նկատի ունեք փոխզիջում ասելիս։ Ենթադրում եմ՝ երկու կողմերի համար էլ կան ճանապարհներ և կարող են այդ ճանապարհները գտնվել։ Դրա համար, եթե ես լուծում առաջարկեմ, կլինի սխալ։ Դրա համար ժողովներ են լինում, քննարկվում են այդ հարցերը, ինչպես մեր պատմության ընթացքում են այդ հարցերը քննարկվել, լուծվել են ժողովներում։ Այսօր այդ հերթական ժողովներից մեկն է, որը պատասխաններ պետք է տա»։
Հարցին՝ արդյոք աջակցում է Բագրատ սրբազանի ձևավորած շարժմանը, նա պատասխանել է, որ նման հարցով ուղիղ չի զրուցել Բագրատ սրբազանի հետ և իր դիրքորոշումը ձևավորում է՝ հիմնվելով ժողովներում ներկայացված նյութերի վրա։
«Իմ դիրքորոշումը շատ հստակ է՝ եկեղեցին քաղաքականության մեջ պիտի չխառնվի՝ ոչ նախկինում, ոչ այսօր։ Ես համամիտ չեմ եղել և այսօր էլ համամիտ չեմ, որ որևէ հոգևորական, այդ թվում Բագրատ Սրբազանը, մտնի քաղաքականության մեջ»,–ասել է նա։
Ինչ վերաբերում է Միքայել սրբազանի կալանավորմանը՝ լրագրողի հարցին, թե արդյոք դա համարում է հանդուրժելի մեկ տարի առաջ հնչած խոսքի համար, Աբրահամ Սրբազանը պատասխանել է. «Դրա համար կան փաստաբաններ, որոնք աշխատում են»։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողով է հրավիրվել։ Ըստ Aysor.am-ի տեղեկությունների՝ ժողովում այսօր քննության առարկա կդառնա նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հարցը։






