AM
25 Նոյեմբեր 2025 - 13:57 AMT

Փաշինյանը կարևորել է թվայնացման ոլորտում ՀՀ և Proud Engineers-ի համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Proud Engineers ընկերության հիմնադիր Տաավի Կոտկային, որը նախկինում ղեկավարել է Էստոնիայի տեղեկատվական համակարգերի գործակալությունը։

Վարչապետը ընդգծել է, որ Հայաստանի կառավարության համար թվայնացման գործընթացը կարևոր ռազմավարական ուղղություն է։ Նա բարձր է գնահատել համագործակցությունը Proud Engineers ընկերության հետ՝ կարևորելով փորձի փոխանակումը և թվայնացման գործընթացների արդյունավետ կազմակերպումը։

Փաշինյանի խոսքով՝ պետական կառավարման համակարգի թվայնացումը կնպաստի պետական ինստիտուտների աշխատանքների բարելավմանը և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։

Տաավի Կոտկան ներկայացրել է իր հիմնադրած ընկերության գործունեությունը, ինչպես նաև թվայնացման ուղղությամբ տարբեր եվրոպական երկրներում իրականացված նախաձեռնություններն ու ծրագրերը։ Նա խոսել է թվային քաղաքականության սկզբունքների, գործիքակազմերի և հնարավորությունների մասին՝ պատրաստակամություն հայտնելով խորացնել համագործակցությունը հայաստանյան գործընկերների հետ։