Տարածաշրջանի առաջին AI գործարանը կկառուցվի Հրազդանում՝ $500 մլն ներդրումով։ Այդ մասին հայտնել է Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, համաշխարհային տեխնոլոգիական առաջատար NVIDIA–ի (կապիտալը շուկայում մոտ 4,6 տրիլիոն ԱՄՆ դոլար է), AI ամպային և ենթակառուցվածքային հայտնի Firebird ընկերության և Հայաստանի առաջատար Team ընկերությունների խմբի համագործակցության արդյունքում։
«Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի և Հրազդան քաղաքի համար․ մենք դառնում ենք տարածաշրջանային AI կենտրոն, որտեղ կստեղծվի բարձր հզորությամբ գերհամակարգչային ենթակառուցվածք՝ նորարարական նախագծերի, տեխնոլոգիական արտադրության և գիտահետազոտական աշխատանքների համար։
Այս ներդրումը ոչ միայն հզորացնելու է Հայաստանի դիրքերը միջազգային տեխնոլոգիական ասպարեզում, այլև էականորեն բարձրացնելու է մեր քաղաքի վարկանիշը, բերելով նոր աշխատատեղեր, զարգացված ենթակառուցվածք և նորարարական միջավայր։
AI գործարանի կառուցումը մեր քաղաքի զարգացման հերթական մեծ քայլն է լինելու, և այս մասշտաբային նախագիծը ևս մեկ անգամ փաստում է, որ Հրազդանը շարունակաբար ամրապնդում է իր դիրքերը որպես առաջատար, զարգացող և նորարարական քաղաք»,–ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ Bloomberg-ը տեղեկացրել էր, որ ԱՄՆ կառավարությունը հաստատել է ՀՀ արտահանվող գերհամակարգչի կառուցման նպատակով նախատեսված Nvidia չիպերի առաքումը։






