AM
25 Նոյեմբեր 2025 - 14:37 AMT

Ղուկասյան․ «Թումո» կենտրոնն է հանդիսանում խոչընդոտ այս 40 սարքովի գործերի

Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործով, որտեղ ամբաստանյալի կարգավիճակում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, վերջինս հայտարարել է, որ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն է «հանդիսանում խոչընդոտ այս 40 սարքովի գործերի»։

«Հստակ ես ասում եմ, որ «Օազիս» սրճարանը 60 հոդվածի տակ չի մտնում։ Ֆիքսած է, սևով սպիտակի վրա գրված է։ Ես չգիտեմ, ով է այդ եզրակացությունները տվել, որտեղ է գրված»,- ասել է նա նիստի ժամանակ, հայտնում է Panorama.am-ը։

Ղուկասյանի պնդմամբ, իր դեմ հարուցված 40 քրեական գործերն ուղղակիորեն կապված են «Թումո» կենտրոնի հետ։

«Կենտրոնի այգին մեզնից վերցրել են արդեն 10 տարի, տվել են կենտրոնին։ Այս ամենը դատախազությունն անում է ի շահ «Թումո» կենտրոնի։ Ուրեմն «Թումո» կենտրոնը վերցրել է քաղաքի կենտրոնական թատրոնի շենքը, ապօրինի կառույցներ է սարքել սարսափելի ձևով, քան «Օազիսը», որն օրինական ձևով էր ամեն ինչ կազմակերպել։ Ես հիմա բարձրաձայն հայտարարում եմ, «Թումոն» է հանդիսանում խոչընդոտ այս 40 սարքովի գործերի»,- ասել է նա։

Վարդան Ղուկասյանը մեղադրվում է Գյումրու քաղաքապետ եղած տարիներին (1999–2012) պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ՝ համայնքային հողեր և շինություններ ապօրինի կերպով օտարելով և դրանք հետագայում օգտագործելով անձնական նպատակներով։

Նրա հետ նույն գործով մեղադրյալներ են նաև որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, եղբայրը՝ Գևորգ Ղուկասյանը, ինչպես նաև նրանց մերձավոր շրջապատի մի շարք անձինք։

Ըստ նախաքննության տվյալների՝ այդ անձինք տարբեր դերերով օժանդակել են ապօրինի ձեռք բերված գույքի օրինականացմանը, փաստաթղթերի կեղծմանը և սեփականության ձևական փոխանցումներին։

Քրեական գործը ընդգրկում է նաև մեղադրանքներ հողերի նպատակային օգտագործման խախտման, համայնքային գույքի ապօրինի փոխանցման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների համակարգված չարաշահման վերաբերյալ։ Գործով վկայակոչվում են համայնքային տարածքների մասշտաբային հողազավթումներ և կառուցապատումներ, որոնց իրավաչափության հարցն այժմ քննվում է դատարանում։