AM
26 Նոյեմբեր 2025 - 06:14 AMT

Պապիկյան․ 2019-ից սպաներին բնակարան հատկացնելու ծրագիրը չի գործում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Հարցնում է քաղաքացին» հաղորդաշարի ժամանակ, պատասխանելով նախկին սպայի հարցին, ասել է, որ 2019-ից սպաներին բնակարան հատկացնելու ծրագիրը չի գործում։

«2019 թվականից սպաներին բնակարան հատկացնելու ծրագիրն այլևս չի գործում, և մինչ օրս ՊՆ-ն փորձում է լուծել այն մարդկանց խնդիրները, ովքեր տարիներ շարունակ եղել են հերթագրման հերթերի մեջ»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նախարարը նշել է, որ ներկայում միակ հնարավորությունը, որ կարող է առաջարկել պաշտպանության նախարարությունը, վերաբերում է զինվորական ծառայություն վերադառնալուն՝ ինչը թույլ է տալիս օգտվել հիփոթեքով բնակարան ձեռք բերելու արտոնյալ պայմաններից։

Պապիկյանը հավելել է, որ պահեստազորում գտնվող սպաները կարող են, pաշտպանության նախարարի հրամանով սահմանված որոշ զորամասերում, վերսկսել ծառայությունը՝ միաժամանակ պահպանելով զինվորական կենսաթոշակի իրավունքը։