AM
26 Նոյեմբեր 2025 - 06:49 AMT

Կարապետյան․ Պետրոսյանի նստելը ՀԷՑ–ում հարկատուների վրա $12 մլն է նստել

«Մեր ձևով» շարժման ղեկավար Նարեկ Կարապետյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարություններին՝ պնդելով, որ ժամանակավոր կառավարչի նշանակվելուց հետո ՀԷՑ-ում ներդրումը երկու անգամ քիչ են արել։ Այդ մասին նա ասել է ֆեյսբուքյան եթերում։

Նա նաև գրել է, որ Պետրոսյանի «նստելը ՀԷՑ–ում հարկատուների վրա $12 մլն է նստել»։

« Մեր շահույթից հաստատված գումարներով նախատեսված 46 մլրդ դրամից արել են 23 մլրդ դրամ ներդրում։ Երկրում 26 մլրդ քիչ ներդրում է արվել, որից մոտ 5 մլրդ քիչ է գնացել հարկատուների հաշվին։ Հարկատուների վրա նստել է ևս 12 մլն դոլար Ռոմանոս Պետրոսյանի նստելը ՀԷՑ»,-նշել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նրա պնդմամբ՝ այս տարի Հայաստանը զրկվել է արդեն մոտ 50 միլիոն դոլարի ներդրումից, ինչը, ըստ նրա, պայմանավորված է «քաղաքական արկածախնդրությամբ»։

Նախագահը անդրադարձել է նաև վարչապետի ու ժամանակավոր կառավարիչ Պետրոսյանի կողմից արված հայտարարություններին՝ որոնք վերաբերում են ՀԷՑ-ի կողմից կցորդիչների կրկնակի բարձր գնով ձեռքբերմանը և փողերի լվացման մեղադրանքներին։

«Մեր ընկերությունը իր միջոցներով է այդ գնումը կատարել, այն մեր փողն է, սակագնի փողը չէ։ Սակագինը վերադարձվում է 20 տարի հետո։ Իսկ փողերի լվացումը շատ տեղեր կտեսնենք, օրինակ՝ տարբեր կուսակցություններ կան, որոնց անդամները չգիտեն, որ այդ կուսակցությանը գումար են փոխանցել։ Լրատվամիջոցներ կան, որ, օրինակ, զանգում են իշխող կուսակցության անդամին, հարցնում են, թե արդյո՞ք տեղյակ է, որ այդ կուսակցությանը գոմար է փոխանցել, ասում է՝ ոչ։ Այ դա է փողերի լվացումը»,–ասվում է գրառման մեջ։

Կարապետյանը նաև հակադարձել է Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությանը, թե 2018-2024 թվականների ՀԷՑ-ի ամբողջ տեղեկատվական բազան անհետացել է։

«Ինքը մոռանում է ասել, որ ջնջվելուց հետո վերականգնվել է, իսկ վերականգնվել է նրա համար, որ իմ կողմից եղել է խիստ ցուցում, նաև իմ կողմից նախաձեռնված ծառայողական քննություն, որի արդյունքում 2-3 օրվա ընթացքում այդ տվյալները վերականգնվել են»,- ասել է Կարապետյանը և հորդորեց քաղաքացիներին անձամբ ուսումնասիրել իրենց տվյալները համապատասխան համակարգում՝ վստահ լինելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ՝ ՀԷՑ-ում իրականացվող և ընթացքի մեջ եղող աշխատանքների վեաբերյալ: Պետրոսյանը նախ տեղեկացրել է, որ բարձր ղեկավարության, մասնաճյուղի տնօրենների, գլխավոր տնօրենի, տեղակալների պարգևավճարներից կամովին հրաժարվելու արդյունքում մի քանի տասնյակ միլիոն դրամի խնայողություններ են ձևավորվել:

ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը: