Նոյեմբերի 26-ի՝ ժամը 10։30-ի դրությամբ, Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է, մյուս հատվածներում՝ Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում աշխատանքները շարունակվում են։
Մամուլում շրջանառվող տեղեկությունը առ այն, որ հրդեհը տարածվել է «Լեռնային Հայաստան» առողջարան, չի համապատասխանում իրականությանը, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հրդեհը հիմնականում տարածվել է խոտածածկ հատվածում։ Տարածքում մեծաքանակ ծառեր չեն այրվել․ արձանագրվել են ջերմահարումներ։
Հրդեհի տարածումը դեպի տներ և առողջարան կանխվել է։
Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 669 փրկարարական ծառայող, 215 էկոպարեկ և բնակիչներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին և տարածքի օդային հետախուզությանն աջակցելու նպատակով օրվա ընթացքում ՊՆ ուղղաթիռով իրականացվել է 22 թռիչք։
Աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։
Մամուլում տեղեկութուններ են տարածվում հրդեհաշիջման աշխատանքներում կամավորների հավաքագրման վերաբերյալ: Իրավիճակը լիովին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության վերահսկողության տակ է, իսկ կամավորական խմբերի օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի համապատասխան հայտարարություն:
«Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Դիլիջանի համայնքապետարանից հորդորել են պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել։
Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տեղադրել և նշել, որ «Դիլիջանի «ազգային պարկի» անտառային տարածքներում բռնկված հրդեհն ընդլայնվել է»։
«Այս պահին գտնվում եմ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում, որտեղ հրդեհը միմիայն ավելի է ուժգնանում: Հրշեջ-փրկարարներն օրեր շարունակ առանց դադարի շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները: Ուզում եմ իսկապես ըստ արժանվույն գնահատենք այս մարդկանց անձնվիրությունը: Ցավոք, հրդեհի բռնկման օջախները բազմաթիվ են: Վտանգ կա, որ կրակը կարող է հասնել Սեմյոնովկա բնակավայրին:
Պետք է բոլոր ռեսուրսները ներդնել հրդեհաշիջման աշխատանքներին: Անհրաժեշտ է ընդգրկել մեծաքանակ կամավորների: Յուրաքանչյուրի մասնակցությունը կարող է նպաստել ժամ առաջ հրդեհի մեկուսացմանը և դեպի բնակավայրեր տարածմանը»,– նշել է պատգամավորը:
Նոյեմբերի 21-ից սկսած՝ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում բռնկվել են հզոր հրդեհներ։ Ներքին գործերի նախարարությունը նոյեմբերի 25-ին հայտնել է, որ ՀՀ վեց մարզերում տարբեր տեղամասերում բռնկված հրդեհները մարելու գործում ներգրավված են 1830 փրկարար, 10 ոստիկան, 103 էկոպարեկ, 17 հիմնական և 143 օժանդակ տեխնիկա, իսկ ՊՆ ուղղաթիռի միջոցով իրականացվել են 70 հետախուզական ու հրդեհաշիջման թռիչքներ։






