AM
26 Նոյեմբեր 2025 - 08:30 AMT

Փոխնախարար․ ՀԱՊԿ–ից դուրս գալու հարց ՀՀ ԱԳՆ–ի օրակարգում չկա

ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Մնացական Սաֆարյանն Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի ԱԳՆ օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չկա։

«Մեր առջև նման խնդիր դեռ չի դրվել։ Եթե լինեն այդպիսի զարգացումներ, կտեղեկացնենք»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Փոխնախարարը նշել է, որ ՀԱՊԿ-ի հետ կապված մասնակցության ձևաչափը հայտարարվել է․ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ գագաթնաժողովներին, բայց և չի խոչընդոտում որոշումների, փաստաթղթերի ընդունմանը։ Նոյեմբերի 27-ին Ղրղզստանում նախատեսված գագաթնաժողովին Հայաստանը կրկին չի մասնակցելու, միաժամանակ արդեն իր համաձայնությունն է հայտնել այնտեղ քննարկվող և ընդունվող փաստաթղթերի վերաբերյալ։

«Այս փուլում մեր քաղաքականությունն այդպիսին է։ Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունն իր շահերի հիման վրա ըստ ձևավորվող իրավիճակի, և հայտարարվել է Հայաստանի և՛ դիվերսիֆիկացման, և՛ բալանսավորելու քաղաքականության մասին։ Հայաստանն ընդունում է որոշումներ, և եթե հավելյալ տեղեկատվություն լինի, կտեղեկացնենք»,–ասել է Սաֆարյանը։

2024-ի փետրվարին հայտնի է դարձել՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 12-ին հայտարարել է, որ ՀՀ-ն չի բացառում դուրս գալու հնարավորությունը, եթե ՀԱՊԿ-ը չտա հստակ պատասխան այն հարցին, թե որտեղ է իր պատասխանատվության գոտին Հայաստանում։ Ի պատասխան՝ ՀԱՊԿ-ը նշել է, որ իր պատասխանատվության գոտին համարվում է Հայաստանի ինքնիշխան տարածքը։

Մայիսի 8-ին ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանը հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը։ Հունիսի 14-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ կազմակերպությունից դուրս գալը կարող է դառնալ հաջորդ տրամաբանական քայլը։

Սեպտեմբերի 18-ին վարչապետը հավելել է՝ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում մոտեցել ենք անդառնալի փուլին՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի ինքնիշխանության համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը ոչ թե սպառնալիք է, այլ ստեղծված է իր անդամների ինքնիշխանությունն ապահովելու համար։