Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի դեմ հարուցված քրեական գործով դատախազությունը մեղադրում է նրան ձևական ամուսնալուծության և փողերի լվացման մեջ, հայտնում է Factor.am-ը։
2018-ին «Մարտի 1»-ի գործով անցնող Գևորգ Կոստանյանը հրավիրվել է դեռ այդ ժամանակ գործող Հատուկ քննչական ծառայություն։ Նա հայտնել է, որ արտերկրում է, 15-20 օրվա ընթացքում կվերադառնա, սակայն չի վերադարձել։ 2019-ի վերջին Կոստանյանին մեղադրանք է առաջադրվել, դեկտեմբերի 4-ին դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը։
Ըստ Դատախազության՝ Լիլիթ Կոստանյանն օգնել է ամուսնուն հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներն օրինականացնելու գործընթացում: Խոսքը 400,000 եվրոյի և 16 միլիոն 175 հազար ռուբլու մասին է, որոնք համարժեք են 360.5 միլիոն դրամի։
«Այս պահին դատարան է ուղարկված Գևորգ Կոստանյանի կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի վերաբերյալ դրվագը: Նշեմ, որ Կոստանյանները, բացի Մարտի 1-ի հետ կապված գործից, մեղադրվում են նաև չարաշահումների և փողերի լվացման մեջ, և այս պահին դատարանում գտնվում է կնոջ դրվագը, որովհետև Կոստանյանը հետախուզման մեջ է, կինը Հայաստանի Հանրապետության տարածքում է, և կարող ենք առկա ձևաչափով դատաքննություն իրականացնել»,– օրեր առաջ խորհրդարանում հայտարարել էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Լիլիթ Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկրից չհեռանալու ստորագրությունը, իսկ գործը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
Դատախազությունը նաև նշում է, որ 2018-ի սեպտեմբերի 10-ին Կոստանյանները ձևական ամուսնալուծվել են՝ այդ կերպ ապահովելով կնոջ ազատումը ֆինանսական հայտարարագիր ներկայացնելու պահանջից և քողարկելով փոխանցումների և գույքի ձեռքբերման փաստերը։
Հարուցված գործի նյութերի համաձայն՝ 2006-2019 թվականներին Գևորգ Կոստանյանն ապօրինի եկամուտներ է ունեցել, որոնց մի մասը օրինականացվել է կնոջ անունով՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում կատարած բանկային փոխանցումների միջոցով։
2017-ի մարտի 1-ին Լիլիթ Կոստանյանը լիազորագիր է տվել իր ամուսնու հետ փոխկապակցված անձին՝ Արման Գալստյանին, ով էլ Մոսկվայի Խիմկի քաղաքում 16․1 միլիոն ռուբլու ներդրմամբ գնել է ոչ բնակելի տարածքներ։ Գալստյանը ներգրավված է նաև Կոստանյանների և նրանց հարազատների ապօրինի գույքի բռնագանձման գործի շրջանակում։
Կոստանյանները գույք են ձեռք բերել նաև Հունաստանում։ Այդ գնումներն իրականացվել են Արթուր Խաչատրյանի միջոցով, ում Լիլիթ Կոստանյանը նույնպես լիազորել է։ 400,000 եվրոյի ներդրմամբ ձեռք է բերվել 4 բնակարան՝ համապատասխանաբար 54, 73, 87 և 90 քմ մակերեսով, Էղալեո քաղաքում։ Հունաստանում ևս մեկ բնակարան և պահեստային տարածք ձեռք է բերվել 2019-ի հուլիսին՝ Ալիմոս քաղաքում՝ համապատասխանաբար 127.3 և 5 քմ մակերեսներով։
Թեև գույքերը գրանցվել են Լիլիթ Կոստանյանի անունով, փաստացի սեփականատերը եղել է Գևորգ Կոստանյանը, ով դրանք հանձնել է վարձակալությամբ՝ ամսական 200-1000 եվրոյի դիմաց։
Ըստ «Դատալեքսի» տվյալների՝ Լիլիթ Կոստանյանը ներկայացված է որպես Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի։ Factor TV-ի ուսումնասիրությունները, սակայն, ցույց են տվել, որ նրա մասնակցությամբ հաղորդումներ հանրային եթերում չեն արձանագրվել։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նաև հայտնել է, որ Գևորգ Կոստանյանը ներկայումս հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի։ ՌԴ-ն հրաժարվել է նրան արտահանձնել։
«Դատախազությունն առաջիկայում դարձյալ հանձնման միջնորդություն է ուղարկելու ՌԴ՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը»,– նշել էր Աննա Վարդապետյանը։
Լիլիթ Կոստանյանի փաստաբանական թիմը հրաժարվել է մեկնաբանել գործի մանրամասները՝ համարելով դա ոչ նպատակահարմար։
Ավելի վաղ՝ դեռ 2019-ին, Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ պայմանագիր է կնքել ՌԴ դատախազության համալսարանի հետ՝ որպես դասախոս։ Նա հայտնել էր, թե ծրագրում է վերադառնալ Հայաստան ուսումնական շրջանի ավարտից հետո, սակայն այդպես էլ չի վերադարձել։






