Թեև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկվելու վերջնաժամկետը լրանում է հինգ օրից, իշխող ուժի երկու պատգամավոր՝ Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը, արդեն որոշել են չառաջադրվել:
Լենա Նազարյանի չառաջադրվելու մասին տեղեկությունը հայտնել է նրա ամուսինը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը՝ առանց պատճառները մանրամասնելու, հայտնում է «Ազատությունը»։
2021-ի արտահերթ ընտրություններից ի վեր Լենա Նազարյանը Ազգային ժողովի աշխատանքներին հաճախ չի մասնակցել և չի դրսևորվել օրենսդրական նախաձեռնություններով կամ ելույթներով։ Փոխարենն նա ակտիվ ներգրավվածություն է ցուցաբերել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեջ։ Մեկ տարի առաջ Նազարյանը դարձել է այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
ՔՊ-ական մյուս պատգամավոր Քրիստինե Պողոսյանն Ազգային ժողովի նիստերին մասնակցում է, բայց ի տարբերություն մյուս թիմակիցների պասիվ է ելույթների հարցում:
Չառաջադրվելու պատճառների մասին կարճ փոխանցել է. «Մեծ հարգանքով ու գնահատանքով եմ վերաբերվում բոլորին, ով որոշում կկայացնի մնալ և շարունակել այդ ծանր աշխատանքը, ես կօգնեմ նրանց, եթե կլինի իմ օգնության կարիքը։ Ես որոշում եմ կայացրել նվիրել կյանքիս մյուս հատվածը արվեստին»:
Ի տարբերություն նրանց՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դեռևս հստակ որոշում չի կայացրել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եղբայրը, ով պատգամավորական փորձ ունի նախորդ երկու գումարումներում ևս, ոչ հերքել, ոչ էլ հաստատել է առաջադրվելու մասին տեղեկատվությունը։
ՔՊ վարչության անդամ, պատգամավոր Հասմիկ Հակոբյանն հայտնել է, որ համապատասխան տեղեկատվությունը կհրապարակվի, երբ վերջնաժամկետն անցնի և տվյալները ամփոփվեն։
«Դեռևս վարչությունը չի ամփոփել՝ ինչ դիմելիություն ունենք, որովհետև մինչև ամսվա վերջին օրը կարող են առաջադրվել քաղաքացիները, բայց, գիտեմ, որ ակտիվ առաջադրումներ կան, ես բազմաթիվ կուսակցական գործընկերների գիտեմ, որոնք առաջադրվել են, բայց հրապարակում չեն արել և բազմաթիվ հրապարակումներ կան և, քանի որ ընկերներիս շրջանում շատ են հենց կուսակցական մարդիկ, պարբերաբար տեսնում եմ առաջադրումների մասին հրապարակումներ», – նշել է Հասմիկ Հակոբյանը։






