AM
26 Նոյեմբեր 2025 - 09:55 AMT

Մարզպետ․ Վայոց ձորի աղբավայրերում բռնկված հրդեհները վերահսկվում են

Վայոց ձորի մարզում, մասնավորապես Եղեգնաձոր և Ջերմուկ քաղաքների «Զիրակ» կոչվող աղբավայրերում առաջացած հրդեհները որոշակի անհարմարություններ են պատճառել տեղի բնակչությանը՝ ծխի տարածման հետևանքով, սակայն, վերահսկելի են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Վահագն Արսենյանը։

«Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի և Ջերմուկ քաղաքի «Զիրակ» կոչվող աղբավայրերում այս պահին տեղի ունեցող հրդեհների հետևանքով առաջացած ծուխը որոշ անհարմարություններ է պատճառում բնակիչներին։ Խնդիրը գտնվում է վերահսկողության տակ, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ հրդեհի կանխման ուղղությամբ։

Հաջորդ տարվա մայիսին Վայք համայնքի տարածքում նախատեսվում է կառուցել կենցաղային թափոնների տեսակավորման կայան, որը կսպասարկի Վայոց ձորի մարզի բոլոր բնակավայրերը։ Թափոնների տեսակավորումն ու նախնական մշակումը զգալիորեն կնվազեցնեն դրանց ծավալը և կնպաստեն մարզում թափոնների կառավարման համակարգի էական բարելավմանը։

Հարգելի բնակիչներ, ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար»,–ասվում է գրառման մեջ։

Նոյեմբերի 26-ի՝ ժամը 10։30-ի դրությամբ, Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է, մյուս հատվածներում՝ Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում աշխատանքները շարունակվում են։

Մամուլում շրջանառվող տեղեկությունը առ այն, որ հրդեհը տարածվել է «Լեռնային Հայաստան» առողջարան, չի համապատասխանում իրականությանը, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։