AM
26 Նոյեմբեր 2025 - 10:24 AMT

Վարդանյան. ՀՀ–ում ավելի քան 60 քաղբանտարկյալ կա

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն ԱԺ–ում լսումների ժամանակ հայտարարել է, որ ՀՀ–ում կա 60-ից ավելի քաղաքացի, որոնք ենթարկվել են քրեական հետապնդման քաղաքական շարժառիթներով, որոնցից մոտ 40-ը դեռ գտնվում են կալանքի տակ։ Լսումներում քննարկվում է «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագիծը։

Նրա խոսքով` Հայաստանը վերածվել է քաղաքական ճնշումների և հաշվեհարդարի գործիքի, հայտնում է Sputnik Արմենիան։

«Իշխանությունը միայն ծառայում է վախի մթնոլորտ ստեղծելուն և իրենց իշխանությունը ամեն գնով պահելու համար իրավական պետության հիմքերի կործանմանը։ Հայաստանում չեն գործում իրավունքի պաշտպանության մեխանիզմները, իսկ քաղաքական և քաղաքացիական իրավունքները հռչակող օրենքները դարձել են հռչակագրային փաստաթղթեր», – նշել է Վարդանյանը։

Նա հիշեցրել է, որ բանտարկված են Հայ առաքելական եկեղեցու սպասավորներ, ընդդիմադիր համայնքի ղեկավարներ, Արցախի նախկին իշխանության ներկայացուցիչները և այլն։ Նա ընդգծեց, որ բոլորը ԵԽԽՎ-ի 2012 թվականին ընդունված բանաձևով համապատասխանում են քաղբանտարկյալի կարգավիճակին։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի մասնակցում նիստին, թեև հրավիրվել էր։

Նոյեմբերի 20-ին ՀՀ դատախազության շենքի առջև մի խումբ քաղաքացիներ ու ընդդիմադիր կուսակցություններ իրականացրել են բողոքի ակցիա՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով։

Ակցիայի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ «Պատիվ ունեմ» խմբակցության հետ համատեղ շրջանառության մեջ է դրվել «ՀՀ-ում քաղբանտարկյալների և նրանց իրավունքների պաշտպանության մասին» հայտարարության նախագիծ։ Լսումները նախատեսված են նոյեմբերի 26-ին։ Դրանց հրավիրվել են նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ նպատակ ունենալով տեղյակ պահել նրանց Հայաստանի իրավիճակի մասին։ Հրավերը փոխանցվել է նաև գլխավոր դատախազին։